Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովն արծաթե մեդալակիր դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մրցաշարում:
Եզրափակիչում 25-ամյա հայ թենիսիստը մրցեց գերանացի Ալեքսանդր Զվերևի հետ և պարտվեց 2 սեթում՝ 3:6, 1:6: Մրցախաղը տևեց 1 ժամ 20 րոպե: 24-ամյա Զվերևը նվաճեց Գերմանիայի չորրորդ ոսկե մեդալը Տոկիո-2020-ում:
Տղամարդկանց մենախաղի բրոնզե մեդալակիր էր դարձել իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան, որը երրորդ տեղի համար մրցախաղում հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:
Սա Խաչանովի երկրորդ օլիմպիական հաջողությունն էր: Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերում նա արծաթե մեդալակիր էր դարձել զուգախաղում:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Տոկիո-2020-ի առաջին շրջանում հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1), իսկ քառորդ եզրափակիչում՝ ֆրանսիացի Ուգո Ումբերին (7:6, 4:6, 6:3), իսկ կիսաեզրափակիչում՝ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային (6:3, 6:3):