‘
Հայաստանում տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում: Գրեթե բոլորը դժգոհ են առկա իրավիճակից, նույնիսկ ՀՀԿ-ականները, բայց, չգիտես ինչու, փորձում են իրավիճակի համար մեղադրել ոչ այնքան իշխանություններին, այլ՝ ոչիշխանական ուժերին: Ցավոք, դրանց թվին է պատկանում նաեւ Կարեն Կարապետյանը:
Անշուշտ, որեւէ մեկը չի պնդում, որ ոչ իշխանական ուժերը գործել են եւ գործում են անթերի, բայց չմոռանանք, որ այդ նույն ուժերը, այդ նույն ուժերի առաջնորդներն իրենց ջանքերով, ձեռնարկած քայլերով համախմբեցին ժողովրդին, կազմակերպեցին մի շարք տպավորիչ հանրահավաքներ, որոնք լուրջ ազդեցություն ունեցան հայաստանյան քաղաքական կյանքի վրա: Ավելին, իշխանությունները ստիպված եղան հաշվի նստել այդ ուժի հետ եւ, ըստ էության, ամենակարևոր հարցերում զիջումների գնացին: Միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականի պարտադրումը և Սահմանադրական փոփոխությունների հետաձգումը բավական են այս պնդումը հաստատելու համար:
Իհարկե, լավ է, որ Կարեն Կարապետյանը դժգոհ է առկա իրավիճակից: Նշանակում է` նա եւս տեսնում է, որ այսպես այլեւս հնարավոր չէ շարունակել, որ այս ճանապարհով Հայաստանին սպասվում է սարսափելի հեռանկար: Լավ է, որ նա ուզում է բեկում մտցնել ստեղծված իրավիճակում, բայց ո՞վ, կամ ովքե՞ր են նրան խանգարում, որ կանգնի ոչիշխանական ուժերի կողքին եւ իր լուման ներդնի համաժողովրդական պայքարի հաղթանակի գործում:
Կարծում ենք՝ Կարեն Կարապետյանը ոչիշխանական ուժերի հետ համագործակցելու ձեւեր կգտներ եւ շատերն էլ կողջունեին նրա այդ քայլը: Եւ վստահաբար կարող ենք ասել, որ եթե նա կանգներ եւ ասեր, թե այս կամ այն հարցում ինքն այլ ճանապարհներ է տեսնում կամ այլ լուծումներ, ապա ոչ իշխանական ուժերը ուշադիր կլսեին նրա մոտեցումները:
Արթուր Բարսեղյան
‘