‘Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրը» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»’

1280

Ռուսաստանցի հայազգի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը: Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն, որոշումն ընդունվել է ռուսական ֆիլմերն «Օսկարին» ներկայացնելու նպատակով գործող հանձնաժողովի որոշմամբ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մենշովի խոսքով, հինգշաբթի երեկոյան կայացած քվեարկության ժամանակ ֆիլմը հավաքել է ձայների մեծամասնությունը: Ընդ որում, Մենշովը հրաժարվել է հայտնել քվեարկության դրված այլ ֆիլմերի անունները:   

Կարեն Շահնազարովի ֆիլմի սցենարի հիմքում ընկած է գրող, պատմաբան Իլյա Բոյաշովի «Տանկիստը կամ սպիտակ վագրը» պատմվածքը: Ֆիլմի սյուժեի համաձայն, խորհրդային բանակի սերժանտ Իվան Նայդենովը, որի կերպարը մարմնավորում է դերասան Ալեքսեյ Վերտկովը, հրաշքով փրկվում է վառվող տանկից եւ մահացու մարտի է բռնվում «Սպիտակ վագրի»՝ գերմանական ուրվական-տանկի հետ: Կարեն Շահնազարովն ավելի վաղ հայտարարել է, թե ֆիլմը նկարահանվել է 3,5 ամսվա ընթացքում: Մարտական դրվագների մեծամասնությունը նկարահանվել է առանց համակարգչային գրաֆիկայի օգնության: Ֆիլմի բյուջեն 11 միլիոն դոլար է:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը կհրաժարվի Մեդվեդեւի ժամանակից’
Հաջորդ հոդվածը‘Եղիշե Չարենցի և Մհեր Մկրտչյանի արձանները՝ կինո «Մոսկվայի» դիմաց’