‘Կարեն Օհանջանյան. 2015-ը հնարավորություն կտա մեր կյանքը դարձնել ավելի լավ’

1358

Հարգելի քաղաքացիներ, «Սոցիալական արդարություն» կուսակցության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ գալիք Նոր 2015 տարվա և Սուրբ Ծննդի առթիվ: Աշխարհի շատ ազգերի համար Ամանորի դիմավորումը և Սուրբ Ծննդի տոնումը ամենացանկալի և ուրախալի տոներից են: Համաձայն ավանդույթի, մարդիկ գեղեցիկ և ճոխ սեղաններ են գցում, նվերներ են նվիրում միմյանց, ուրախանում են կյանքի տոնակատարությամբ և պահում երազանքներ: Ամբողջ աշխարհում այդպես է ընդունված տոնել Ամանորը: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակչության գերակշռող մասի համար տարեցտարի ավելի ու ավելի է դժվարանում ամենացանկալի տոների տոնումը: Համընդհանուր աղքատությունը և վաղվա օրվա հանդեպ անվստահությունը ձեզանից շատերին հնարավորություն չեն տալիս ուրախանալ այդ տոներով: Սակայն իշխանավորները, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զավթել են ամբողջ բիզնեսը և գործելու ազատությունը, մտահոգված չեն սեփական ժողովրդի վիճակով: Նրանք և նրանց ընտանիքի անդամները վայելում են կյանքի և կարևորագույն իրադարձությունների հրապուրիչ կողմերը` չամաչելով, որ մեր պետության շատ ընտանիքներ ոչ միայն ի վիճակի չեն արժանավայել կերպով դիմավորել Ամանորը, այլև շատերը նույնիսկ չունեն և չեն ունենալու գոյատևման համար անհրաժեշտ սնունդ: Հարգելի քաղաքացիներ, այդ է իրականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ես գիտեմ, որ ձեզանից շատերը չեն ուզում համակերպվել այդ վիճակին և ձգտում են ստեղծված իրավիճակից գտնել արժանավայել ելք, որպեսզի ներկան և ապագան ձեզանից յուրաքանչյուրի համար իմաստ ունենա: Հարգելի քաղաքացիներ, Ամանորի գիշերը, երբ երկինքը հրավառությունից լուսավորվում է հեքիաթային կախարդությամբ, հիշեք կյանքում Ձեր դերի և մարդու համար վայել կյանքի մասին: Կյանքը դեպի լավն է փոխվում ոչ թե կախարդական փայտիկի շարժումով, այլ պետք է պայքարել, որպեսզի այն փոխվի: Եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցաբար վերաբերվի գալիք խորհրդարանական ընտրություններին, ապա 2015 թվականը մեր պետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացու հնարավորություն կտա մեր կյանքը դարձնել ավելի լավ: Մեր ձեռքերում են մեր պետության, քաղաքացիների ապագան, մեր ապագա հնարավորությունները` արժանավայել տոնելու ավանդական և ընտանեկան տոները: Ավելի, քան վստահ եմ, որ 2015 թվականը մեր ժողովրդի պատմության մեջ կմտնի որպես արցախցիների ոգու, ազատության, արդարության և արժանապատիվ կյանքի տոնական տարի: Շնորհավոր Ամանոր և մեծագույն աշխարհային բարիքներ Ձեզ և Ձեր ընտանիքներին:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի՝ Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյան 

 

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է KDWIN ծրագրի հեղինակ Ռաֆիկ Մարությանը. 168.am ‘