‘Կարզայը հայտարարել է ԱՄՆ-ի և թալիբների միջև բանակցությունների վերսկսման մասին’

788

«Թալիբան» իսլամիստական կազմակերպությունը վերսկսել է ավելի քան մեկ տարի առաջ կասեցված բանակցությունները ԱՄՆ իշխանությունների հետ: Ինչպես հայնում է Reuters գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը: Իր հերթին, «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը պնդում է, թե բանակցությունները չեն վերսկսվել և այս առումով առաջընթաց չի սպասվում:

Կարզայի խոսքով՝ «Թալիբանի» ղեկավարներն ու ԱՄՆ ներկայացուցիչները Քաթարում ամենօրյա հանդիպումներ են անցկացնում: Աֆղանական իշխանություններն ամեն կերպ փորձում են թալիբներին բանակցությունների սեղանի շուրջ միավորել, Վաշինգտոնը ևս ընդգծել է կազմակերպության հետ քաղաքական երկխոսության իր պատրաստակամության մասին: Սակայն թալիբները հրաժարվել են բանակցություններից՝ ամերիկացիներին մեղադրելով անհետևողականության և անորոշ հայտարարություններ անելու մեջ: «Թալիբանը» կտրականապես հերքում է Կարզայի հայտարարությունները»,- ընդգծում է կազմակերպության ներկայացուցիչը:

Պաշտոնական Քաբուլը հատկապես հետաքրքրված է թալիբների հետ հարաբերությունների կարգավորմամբ ԱՄՆ գլխավորությամբ միջազգային զորքերը Աֆղանստանից դուրս բերելու նախաշեմին, որը պետք է ավարտվի 2014 թվականի ավարտին: Այս պահին Աֆղանստանում է գտնվում ԱՄՆ Պաշտպանության նախարար Չակ Հեյգելը: Երեկ՝ նրա այցի օրը Քաբուլում ու երկրի արևելքում գտնվող Հոստ քաղաքում ահաբեկչական ակտեր են իրականացվել, որոնց հետևանքով շուրջ քսան մարդ է մահացել: «Թալիբանը» հայտարարել է, որ պայթյունների օգնությամբ իրենք ցուցադրում են իրենց հնարավորությունները Պենտագոնի ղեկավարին:

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանի փառահեղ նորամուտը «Սպարտակում». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը սիրիացի փախստականների թվի եռապատկում է կանխատեսում’