‘Կարինե Աճեմյան. ՀՀԿ-ն չի մասնակցի ԲՀԿ-ի հրավիրած քննարկումներին ‘

1137

«Մենք ԲՀԿ-ի կողմից հրավեր ստացել ենք կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ քննարկումներին մասնակցելու համար, սակայն չենք մասնակցի, քանի որ մեր օրակարգում այդպիսի հարց չկա: Ես ժամանակավրեպ եմ համարում այս առաջարկությունը, նախկինում ևս տարբեր քաղաքական ուժերի կողմերից եղել են նման հայտարարություններ»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ քննարկումների մասնակցությանը:

Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների նախաշեմին այս թեման չի կարող շարունակություն ունենալ, որովհետև բոլոր քաղաքական ուժերը լծված են նախագահական ընտրությունների հետ կապված գործընթացներին:

«Ինչ վերաբերում է ԲՀԿ կուսակցության առաջարկությանը՝ դա իրենց իրավունքն է ու խնդիրը, բայց մեր կուսակցությունը՝ՀՀԿ-ն, նման հարց չի քննարկում, մենք նախապատրաստվում ենք նախագահական ընտրություններին»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որով առաջարկվում էր անցնել կառավարման խորհրդարանական համակարգին և 100% համամասնական ըտրակարգին: Նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ պարզելու այս գաղափարի շուրջ համախմբվելու հնարավորությունները:

 

 

Նախորդ հոդվածը‘Օբամայի «հաղթական» թվիթը ռեկորդ է սահմանել ‘
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունը» ողջունում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ‘