‘
«Չեմ կարող ասել, թե հաջորդը ով կճանաչի ԼՂՀ անկախությունը, սակայն այն, որ ՀՀ-ն տարիների ընթացքում հետևողականորեն աշխատանքներ է տանում, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի անկախությունը՝ դա փաստ է», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Պատասխանելով այն հարցին, թե, ըստ Աճեմյանի, երբ է ՀՀ-ն ինքը պաշտոնապես ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը՝ վերջինս ասաց.
«Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ է նշանակում կայացնել նման որոշում, քանի որ դա ԼՂՀ-ի ու ՀՀ-ի անվտանգության խնդիր է: Մենք իրավունք չունենք վտանգել դա, դա կարելի է անել միայն այն պարագայում, երբ որ շատ անհրաժեշտ համարվի»:
Ըստ Կարինե Աճեմյանին՝ այս իրողությունը չի կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ առաջիկայում կայանալիք հայ և ադրբեջանցի արտգործնախարարների հանդիպման վրա, քանի որ առանց այդ էլ հարաբերությունները լավ հարթության վրա չեն, մասնավորապես՝ Սաֆարովի արտահանձնման դեպքից հետո:
«Հայաստանը, անկախ ամեն ինչից, կշարունակի մասնակցել բանակցություններին: Մենք կողմ ենք խաղաղ ճանապարհներով խնդրի լուծմանը. դա է բանակցություններին մասնակցելու միակ պատճառը», — եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը տեղեկացմամբ՝ Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն Ադրբեջանից անկախացել էր 20 տարի առաջ:
‘