Կարինե Յարալյան. Աղավաղվեցին իրադարձությունները, արժեքները, վարկաբեկվեցին և մոռացվեցին մարդիկ

577

Կարինե Յարալյանը Ֆեյսբուքում գրում է.

«Այսօր ֆեյսբուքյան լրահոսը շատ էմոցիոնալ էր և շատ խոսուն: Մի կողմից կարդում էի, որ Անդրեյ Սախարովի հիշատակի օրն է, մյուս կողմից` հանդիպում տարատեսակ մեկնաբանությունների` Ժիրայր Լիպարիտյանի և 90-ականների իշխանության հասցեին: Թվում է, որ ընդհանրություն չկա, բայց ընդհանրությունը ժամանակաշրջանն է` Խորհրդային միության վերջին և Անկախության առաջին տարիները` իրենց արժեքներով ու սպասելիքներով:

Վերջին շրջանում, երբ ես լսարանում խոսում եմ ներքին ազատության մասին, հաճախ եմ անդրադառնում Սախարովին, տխրությամբ արձանագրելով, որ երիտասարդներից շատ քչերը պատկերացում ունեն իր մասին: Լավագույն դեպքում կապը հաստատվում է բոլորին հայտնի «հրապարակի» միջոցով: Այս մոռացությունն էլ է ընդհանուր` Սախարովի և Անկախ Հայաստանի առաջին իշխանությունների միջև:

Տարիների ընթացքում նպատակադրված աղավաղվեցին իրադարձությունները, արժեքները, վարկաբեկվեցին և մոռացվեցին մարդիկ: Այնպես, ինչպես Սախարովը մեր երիտասարդների մոտ ասոցացվում է «հրապարակի» հետ, այնպես էլ Անկախ Հայաստանի հիմնադիրները մնացին «ցուրտումութի» մեղավորներ: Ժիրայր Լիպարիտյանին ուղղված քննադատությունը կարդում էի ու մտածում. մարդուն, որը 90-ականներին մեր հաղթանակն ապահովողներից մեկն է եղել, որի դիվանագիտական գործունեության արդյունքները գրանցված են և այլևս պատմական փաստ են, մեղադրում են դավաճանության, թրքամետության ու էլ չգիտեմ ինչի մեջ:

Կամ տարրական գիտելիքից, կամ տարրական տրամաբանությունից, կամ էլ ազնվության նշույլից զուրկ զանգվածը քննադատում է Լիպարիտյանին այն դեպքում, երբ նա ու իր քաղաքական ուժը, հեռանալիս, թողել են հաղթած երկիր, ազատագրված Ղարաբաղ: Հետո ամենն արվել է այդ քաղաքական ուժի բոլոր առաջարկներին ու գաղափարներին ուղիղ հակառակ: Հիմա էլ մարդիկ, որոնք առաջ էին քաշել «ցուրտումութ»-ի թեման և համոզել հասարակությանը, որ առաջին պատերազմի ժամանակ իշխանությունները հասարակության կոմֆորտը չէին ապահովել, զարմանում են, որ ժողովուրդը «վեհ» արժեքները փոխում է բաց ճանապարհների, առևտրի հնարավորության ու տնտեսական վիճակի բարելավման հետ:

Այս անհաղթահարելի քաոսն ու խառնաշփոթը, այս համատարած անորակությունը, այս անտրամաբանական ընկալումները ու ստորությունն այլևս ոչ թե ծիծաղելի են կամ զարմանալի, այլ աղետալի»:

Նախորդ հոդվածըՎրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել «քաղաքական որոշում» կայացնել
Հաջորդ հոդվածը«Ռեալը», «Բարսելոնան» ու «Աթլետիկը» դատի կտան Լա Լիգային