‘Կարմիր բլուրում հնագետները մեծ գերեզմանատուն են հայտնաբերել’

931

Կարմիր բլուրում հնագետները մեծ գերեզմանատուն են հայտնաբերել: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում պատմել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, Կարմիր բլուրի անմիջական հարևանությամբ նախատեսվում է կառուցել ավտոմայրուղի, սակայն մինչև շինարարական աշխատանքներն սկսելը Երևանի քաղաքապետարանը և Եվրասիական բանկը հայտամրցույթ էին հայտարարել այդ տարածքի հնագիտական հետազոտման համար, որում հաղթել է վերը նշված կենտրոնը: Փորձագետի խոսքով, հետազոտվել է, ընդհանուր առմամբ, 700 մ տարածք, և տեղամասերից մեկում հնագետներին հաջողվել է հայտնաբերել հին մեծ գերեզմանատուն, որը վերագրվում է մ.թ.ա. 7-րդ դարին: Առայժմ լիովին պեղվել է 2 գերեզման, որոնցում եղած կմախքների նմուշներն ուղարկվել են Կոպենհագեն` ԴՆԹ թեստ անցկացնելու համար: Գերեզմաններում գտնվել են տարբեր իրեր: Գտնվել են նաև տուֆից կուռքեր, որոնք, փորձագետների կարծիքով, կարող էին պահպանել հանգուցյալների անդորրը: Գերեզմանատան տարածքը կազմում է 2 հա: Պեղումներն  սկսվել են ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին և շարունակվել 3 ամիս: Սիմոնյանի ասելով, Երևանի քաղաքապետարանը և Եվրասիական բանկը խոստացել են, որ մինչև պեղումների ավարտը ավտոճանապարհը չի կառուցվի: Փորձագետը հավաստիացրել է, որ բոլոր գերեզմանները մանրակրկիտ կհետազոտվեն:

 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիան ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’