‘
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Արսեն Բաղդասարյանին, որին ադրբեջանական դատարանը օրերս դատապարտել էր 15 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ինչպես ԱՊԱ-ին է ասել ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան, այցելությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Նա նշել է, որ այցելության նպատակը պայմանների դիտարկումն է եղել, ինչպես նաև կապի ապահովումը ընտանիքի անդամների հետ: ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում Բաղդասարյանի և նրա ընտանիքի միջև:
Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, հայկական «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքել է դիվերսիայի փորձի մասին լուրը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից:
Ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանը Արսեն Բաղդասարյանին դատել է որպես «դիվերսանտի»: Հավանաբար, Արսեն Բաղդասարյանը Ստեփանակերտում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների համար Բաքվի «վրեժի» զոհը դարձավ:
Ինչպես մայիսի 7-ին լրագրողներին ասել էր ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, 15 տարվա ազատազրկման դատապարտելով ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին` Ադրբեջանի իշխանությունները փորձում են հակադրել նրան այն ոճրագործներին, որոնք հանցագործություններ են կատարել ԼՂՀ Քարվաճառի շրջանում: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ցույց տալ, իբր հայկական կողմը փորձել է դիվերսիոն գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի տարածքում:
«Նպատակը մեկն է` հակադրել Արսեն Բաղդասարյանին այն հանցագործներին, որոնք իրական հանցագործություններ են կատարել Քարվաճառում, մարդկանց են սպանել և ոչ միայն»,- ասել է նախարարը:
‘