Կարպիս Փաշոյանը Ֆեյսբուքում գրել է.
«Ուղղափառ, Կաթոլիկ, Բողոքական. սրանք ընդամենը պայմանական անվանումներ են, մակդիրներ, որոնք ավանդույթի ուժով ամրացել ու ամրապնդվել են։
Այս անունները դավանաբանական որևէ առանձնահատկություն չեն բնորոշում և ոչ էլ տարբերություններ սահմանում։ Առնվազն տարօրինակ կլինի, եթե որևէ եկեղեցի ինքն իրեն ուղղափառ չհամարի, և Հայ առաքելական եկեղեցին այս առումով բացառություն չէ։ ՀԱԵ-ն էլ է ուղղափառ։ Նա արևելյան ուղղափառ հինգ եկեղեցիներից մեկն է. Եթովպական, Ղպտի, Ասորական, Մալաբար և Հայկական ուղղափառ եկեղեցիներ։
Անվանումները հանգիստ թողնենք։ Դրանց չափից շատ նշանակություն տալով հնարավոր չի լինի պատկերացում կազմել դավանաբանական տարբերությունների մասին: Իսկ տարբերությունները արձանագրվում են այս կամ այն տիեզերական ժողովի և աստվածաբանական հիմնախնդրի վերաբերյալ դիրքորոշումով, այլ ոչ թե պատվանուններով։
ՀԱԵ-ի դիրքորոշումները ձևավորվել են հարյուրամյակների ընթացքում։ Այն ընդունում է առաջին երեք տիեզերաժողովները (Նիկեա, Կ․Պոլիս, Եփեսոս) և անդրդվելիորեն մերժում մնացյալ բոլոր հավելումներն ու փոփոխությունները։ Ընդհանուր առմամբ 21 տիեզերաժողով է տեղի ունեցել։ Կաթոլիկ, Ուղղափառ, Արևելյան և Բողոքական եկեղեցիները տարբեր վերաբերմունք ունեն դրանց վերաբերյալ։
Գանք ուղղափառության թեմային, որն այդքան խրտնեցրել է արևմտամետ պրոպագանդիստներին և ՔՊ-ական աստվածաբաններին։ Ինչի՞ Հայաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում ՀԱԵ-ի ուղղափառ մակդիրը առանձնահատուկ չի շրջանառվում և չի շեշտադրվում, իսկ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմում հատուկ դրա համար կանոնադրություն է փոխվել։
Իմ համեստ ու չնչին գիտելիքները հուշում են, որ սա քարոզչական, մարքեթինգային հստակ ու գիտակցված քայլ է։ Պաշտոնապես Հայ և ռուս եկեղեցիների հարաբերությունները հարթ ու կառուցողական են։ Բայց խորքում դրանց միջև շատ խորը հակասություններ կան։ Ռուս եկեղեցին, դրա առանձին հոգևորականներ, ծայրահեղական հավատացյալներ մշտապես բացասաբար են վերաբերվել ՀԱԵ-ին՝ դիտարկելով դրան որպես հերձվածող, Եվտիքեական և մոնոֆիզիտ։
Պարզվում է, որ ՀԱԵ-ի անվան փոփոխություն տեղի է ունեցել նաև Բուլղարիայում և միգուցե նաև այլ ուղղափառ երկրներում։ Վստահաբար մակդիրի հավելումով փորձ է արվել պաշտպանել ՀԱԵ-ի հեղինակությունը՝ ցույց տալու համար, որ հայերն էլ են ուղղափառ, Քրիստոսի ուսմունքի ճշմարիտ հետևորդներ, և չի կարելի նրանց հերձվածող համարել։
Իրականում ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի, պարզապես արևմտատենչ պրոպագանդիստները մեր ժողովրդին ներքաշել են աշխարհաքաղաքական դավադիր տեսությունների և բամբասանքների մեջ, միայն թե կարողանան իրենց ողորմելի ծառայությունը մատուցեն Նիկոլ Փաշինյանին։ Նույնիսկ ամենապարզունակ հարցերը խճճվում և բարդացվում են՝ փոխակերպվելով աշխարհաքաղաքական խելագարության և տեղավորվելով հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։
Մնում է հասկանալ, թե ուղղափառ եզրույթի հավելումը ինչպես պետք է Հայ եկեղեցուն ձուլեր ռուսականի հետ։ Սա ամենազավեշտալի պնդումն է։ Մի՞թե այդ բառով Գարեգին Բ-ն հրաժարվել է հայոց Հավատո հանգանակից և ընդունել Քաղքեդոնի տիեզերաժողովը, թե՛ հայերեն պատարագն է փոխարինել հունականով։ Դավադրապաշտական այս պնդումը իհարկե ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև եկեղեցագիտության բնագավառում գիտելիքների իսպառ բացակայության հետևանք։
Այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում Ուղղափառ եկեղեցին։ Կաթոլիկ եկեղեցին կառավարվում և տնօրինվում է մեկ կենտրոնից։ Դրա գլուխը պապն է։ Ուղղափառ եկեղեցում այսպիսի հիերարխիա գոյություն չունի։ Կ․ Պոլսի պատրիարքը ֆորմալ առումով առաջինն է հավասարների մեջ, բայց իրականում եկեղեցին տարանջատված է լիարժեք անկախ ավտոկեֆալ (αὐτοκεφαλία) ուղղափառ եկեղեցիների (Հունական, ռուսական, ամերիկյան, բուլղարական, վրացական, սերբական և այլն)։ Ավտոկեֆալից զատ, կան նաև ավտոնոմ (αὐτονομία) եկեղեցիներ, որոնք էլ որոշակի կախվածության մեջ են այս կամ այն ավտոկեֆալ եկեղեցուց։
Այսինքն, գոնե արտաքին կառուցվածքի տեսանկյունից Ուղղափառ եկեղեցին բավականին դեմոկրատական է, ի տարբերություն Կաթոլիկ եկեղեցու։ Որքան էլ Բյուզանդական եկեղեցուն մեղադրեն ամենակուլ և իր մեջ տարրալուծող, քայքայող քաղաքականության մեջ, բայց ինչպես տեսնում եք` նրա մշակութային ծիրում ազգային եկեղեցիներ են ստեղծվել։ Օրինակ, Ինչո՞ւ մինչ օրս Վրաց ուղղափառ եկեղեցին չի ձուլվել հունական կամ ռուսական եկեղեցիների հետ։ Չէ՞ որ բոլորն էլ ուղղափառ են։ Ի դեպ նույնիսկ Ռուսաստանի և Վրաստանի լարված ու թշնամական հարաբերությունները չեն խանգարել երկու եկեղեցիների ամուր կապին։
Իհարկե, սրանք անիմաստ հարցադրումներ են։ Ընդամենը փորձում եմ ցույց տալ, թե ինչ անհեթեթ է ՀԱԵ-ի ձուլման մասին պնդումը։ Եվ այն դեպքում, երբ հայկական եկեղեցին դավանաբանական տեսանկյունից խորը և անհաշտ հակադրության մեջ է ինչպես հունական և ռուսական, այնպես էլ վրացական եկեղեցու հետ։
Վերջաբանի փոխարեն գանք արդեն իսկ հայտնի և հիմնավորված եզրակացությանը․ Իրականում եկեղեցուն կործանարար հարված հասցնում է Նիկոլ Փաշինյանը, պրոպագանդիստների իր թայֆայի հետ միասին։ Եկեղեցուն ուղղափառ բա՞ռն է ավելի շատ վնաս տալիս, թե կաթողիկոսին հայհոյելը, եկեղեցին պառակտելը, դրա կանոնադրությունը խախտելը, սփյուռքի թեմերից կտրելը, առաքելական ավանդույթը կասկածի տակ դնելը, սրբազաններին կալանավորելը։ Պատասխանեք այս հարցին և հանգիստ թողեք աստվածաբանական տերմինները, որոնց մասին ընդհանրապես պատկերացում չունեք»։
