Կարպիս Փաշոյան. Լևոնականությունը քաղաքական հոսանք է, գաղափարախոսություն և աշխարհայացք

2327

Ելույթ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված

հանդիսավոր միջոցառման ժամանակ

Իհարկե, ինձ համար մի կողմից մեծագույն պատիվ է խոսք ասել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի առթիվ, բայց մյուս կողմից էլ բարդագույն պատասխանատվություն, քանի որ խոսքը ոչ թե մեկ անձի կամ էլ քաղաքական գործչի կենսագրության մասին է, այլ ամբողջական մի դարաշրջանի, որն ընդգրկում է մեր պետության և ժողովրդի պատմության ամենավճռական և դրամատիկ շրջափուլերը։ Ժամանակաշրջանի արժևորումից զատ, նաև պետք է փաստենք, որ գործ ունենք Հայաստանի նոր և նորագույն շրջանի, թերևս, ամենաազդեցիկ և խոշոր պետական գործչի հետ։ Այստեղ որևէ չափազանցություն չկա, ընդամենը փաստն ենք արձանագրում․ Ո՞վ է ավելի մեծ ծառայություններ մատուցել Հայաստանին, Առաջին Հանրապետության ղեկավարնե՞րը (Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան), որոնց մարտավարական և ռազմավարական սխալները հանգեցրին տարածքային կորուստների և անխուսափելի խորհրդայնացման։ Թե՞ Խորհրդային Հայաստանի ղեկավարները։ Իհարկե` Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը, Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը մեծագույն ծառայություններ են մատուցել մեր ազգին, բայց նրանք կաշկանդված էին խորհրդային ամբողջատիրական կայսրության կապանքներով, չունեին գործելու ազատություն։ Այս առումով էլ Տեր-Պետրոսյանը մրցակցությունից դուրս է։ 

Սրանից անդին Տեր-Պետրոսյանի արժևորման բարդությունը պայմանավորված է նաև նրա կերպարի բազմազանությամբ, քանի որ առանձին-առանձին դասախոսություններ կարելի է կարդալ գիտնական Տեր-Պետրոսյանի, նախագահի, ընդդիմության առաջնորդի մասին։ Բնականաբար, այս մեծ թեմաներն էլ իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ենթաբաժինների։ Օրինակ` ասվածի լավագույն վկայությունը Տեր-Պետրոսյանի գիտական պատկառելի ժառանգությունն է։ Ըստ էության, նրա գիտական կարիերան անընդհատ ընդմիջվել է քաղաքականություն մուտք գործելու կամ էլ վերադառնալու պատճառներով։ Իսկ գիտությունը սպորտի պես է, որոշակի դադարը կարող է անդառնալի լինել։ Բայց նույնիսկ այսպիսի պայմաններում գործ ունենք նախագահի՝ գիտական հետաքրքրությունների չափազանց լայն շրջանակի հետ, որտեղ համատեղվում են միանգամից մի քանի դիսցիպլիններ՝ աղբյուրագիտություն, մատենագիտություն, լեզվաբանություն, պատմագիտություն և այլն։ Երբ ծանոթացա Տեր-Պետրոսյանի գիտական ժառանգությանը, ակամայից ափսոսանք ապրեցի՝ ինքս ինձ տալով այն հարցը, թե «Խաչակիրները և հայերը» աշխատության պես քանի աշխատություններ կարող էին գրվել, բայց չեն գրվել։ Իհարկե, ափսոսանքի այս զգացողությունը արագորեն ցրվում է, քանի որ անմիջապես ի հայտ է գալիս մյուս հարցադրումը․ ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե նա չդառնար նախագահ։ Այս հարցը շատերին կարող է տարօրինակ թվալ, քանի որ մարդիկ որպես կանոն անցյալը, պատմությունը դիտարկում են որպես կայուն քարացած իրողություն։ Կարծես թե, ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ, ի վերուստ որոշված էր, որ Հայաստանը պետք է անկախանա, հաղթի պատերազմում, ազատագրի Արցախը։ Բայց անցյալը վստահաբար չի կարող լինել քարացած, անցյալի որևէ իրադարձություն արժևորվում և գնահատվում է առաջին հերթին իր այլընտրանքային հեռանկարներով։ Պատմությունն առաջին հերթին գիտություն է մարդու մասին։ Մարդն է որոշում և սահմանում պատմության ընթացքը։ Հետևաբար, 1988-91 թթ․-ին մենք կարող էինք որակական բոլորովին այլ հարթությունում հայտնվել այլ մարդկանցով, այլ քաղաքականությամբ, գաղափարախոսությամբ և աշխարհայացքով։ Եվ բնականաբար արդյունքներն ու հետևանքներն էլ այլ կլինեին։ Չէ՞ որ Հայաստանում էլ քիչ չէին Գամսախուրդիայի կամ Էլչիբեյի պես արկածախնդիրները։ Արդի գաղափարական միջավայրում միտքս կարող է մի փոքր խորթ լինել, քանի որ հիմա տիրապետող է վուլգար իստորիցիզմը, այսինքն` կանխորոշվածության սկզբունքը։ Դրա ամենավառ դրսևորումներին մենք բախվում ենք գրեթե ամեն օր։ «Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կարող էր անել, Ղարաբաղը հանձնել էին դեռևս 1996-ին կամ էլ 1991 թ․-ին», «Մենք մեզ համար ապրում էինք, և հանկարծ պատահաբար անկախությունն ընկավ գլխներիս» և այլն։

Տեր-Պետրոսյանի մասին բնականաբար շատ է խոսվել, կխոսվի նաև այս քննարկման ընթացքում և վստահաբար նաև հետո` ապագայի պատմաբանների կողմից։ Առաջնային պլան կմղվեն նրա օրոք տեղի ունեցած նվաճումները, տնտեսական բարեփոխումները, դիվանագիտական և ռազմաքաղաքական հաղթանակները, հանրային կյանքի բարենորոգության փորձերը և այսպես շարունակ։ Կտրվելով այս մեծ համատեքստից՝ ես ուզում եմ հարցը մի փոքր այլ դիտանկյունից ուսումնասիրել՝ առաջնային պլան մղելով դրա գաղափարախոսական և փիլիսոփայական շերտերը։ Խոսքն առաջին հերթին Լևոնականության մասին է։ Նույնիսկ եթե նախագահը դեմ լինի այս եզրույթի կիրառությանը, բայց միևնույն է` դա կա և ամուր հիմքեր ունի ժողովրդի քաղաքական լեզվամտածողության մեջ։ Քաղաքական հակառակորդները հաճախ ստվերում են այս եզրույթի նշանակությունը՝ սահմանափակելով զուտ Տեր-Պետրոսյանի կողմնակիցը լինելու հանգամանքով։ Իրականում Լևոնականությունը քաղաքական հոսանք է, գաղափարախոսություն և աշխարհայացք։ Դա չի կարելի շփոթել ՀՀ-ում լայն տարածում ունեցող կուսակցական և քաղաքական նեղմիտ, այլասերված հետաքրքրությունների հետ։ Այդ գաղափարախոսությունը կաշկանդված չէ կուսակցական առաջնորդների ավտորիտար կամքով, քմահաճույքով, ինչպես օրինակ` Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն է։ Դա ունի իր մանիֆեստը, գաղափարական սյուները, պետության և հասարակության զարգացման մոդելը, նաև բարոյականության՝ էթիկայի ուրույն պատկերացումները։ Այսինքն, լևոնականներն աֆորիզմներ ցիտողներ չեն, գործ ունենք դասական համակարգի հետ, որն ունի սեփական գրականությունը, տերմինաբանությունը և հռետորաբանությունը։ Այս գաղափարախոսությունը ես հակված եմ անվանել ազգայնական-լիբերալիզմ։ Ի դեպ, ազգայնականություն եզրույթի կիրառությունը թո՛ղ որևէ մեկին շփոթության մեջ չգցի։ Լևոնական կամ ՀՀՇ-ական ազգայնականությունը նույնական չէ հայդատական (նաև սփյուռքյան) ազգայնականության հետ։ Լևոնականությունն աղերս չունի նաև սովետական նոմենկլատուրային, համակարգային, թույլատրելի ազգայնականության հետ։ Դա ազգային, անկախ պետության համար նախատեսված գաղափարախոսություն է, որի բերած աշխարհայացքն ու մեթոդաբանությունը ոչ մի կապ չունեն հայդատական կամ էլ ստալինյան/խրուշչովյան վերահսկելի ազգայնականությունների հետ։ Տարբերությունն առաջին հերթին հենց ազգայնականություն եզրույթի ընկալման մեջ է․ լևոնական ազգայնականության էպիկենտրոնում անկախ Հայաստանն է, Արցախը (մինչև կործանումը), ազգի մոդեռնիզացիան, գիտատեխնիկական թռիչքը, իսկ մյուսների ընկալմամբ՝ ազգայնականությունն իռացիոնալ արժեքներն են, մասնավորապես կորսված էրգիրը, հակագիտությունը, բարեփոխումների հերքումը, ադաթների մոլեռանդ պաշտամունքը։ Լևոնական ազգայնականությունը նաև հակադիր է Վազգեն Մանուկյանի ազգայնամոլության հետ։ Սա մեծ հաշվով հակադրություն է բաց հասարակության և ամբողջատիրության միջև։ Համաշխարհային ազգի, ազգ-կազմակերպության և ազգի հատուկ առաքելության մասին մանուկյանական թեզերը հենց ամբողջատիրական հասարակարգ կառուցելու գաղափարական հիմքեր էին, որքան էլ դրանք հնչեղ լինեն ու ազգանպաստ թվան։ 

Գանք գաղափարախոսության երկրորդ բաղադրիչին՝ լիբերալիզմին։ Այսինքն, ազգային հարցերին զուգընթաց և հավասարապես լևոնականության մեջ կարևորվել է նաև ժողովրդավարական, ազատ շուկայական հարաբերություններով, սոցիալական, պաշտպանված մարդու իրավունքներով պետության կառուցման հեռանկարը։ Որքան էլ որ հեքրաթներ պատմեն ՀՀՇ-ականների իրականացրած համակարգային թալանի, Սովետական Հայաստանի ծաղկուն տնտեսության ոչնչացման մասին, միևնույն է, համոզված եմ, որ ապագայի պատմաբանները բարձր են գնահատելու 90-ականների տնտեսական ռեֆորմները, պլանային տնտեսությունից դեպի շուկայական հարաբերություններ անցումը, որն իսկապես հեշտ գործ չէր։ Կարելի էր նաև մնալ կայսրության փլատակների տակ։ Իր ողջ լիբերալիզմով հանդերձ` Լևոնականությունն ամուր խարսխով մխրճված է հայկական իրականության մեջ։ ՀՀՇ-ի և  լևոնականության նորարարությունն ու հեղափոխականությունը ավանդույթը ոչնչացնելու մեջ չէր։ Այլ եղածը, հարյուրամյակների ընթացքում ձևավորվածը արժևորելու և իր համապատասխան սյունակում տեղադրելու։ Դա նորի և ավանդույթի յուրօրինակ հիբրիդ է։ Այսինքն, մի կողմից ադապտացված է նոր աշխարհի խաղի կանոններին և առանձնահատկություններին, իսկ մյուս կողմից ինստիտուցիոնալ շարունակությունն է հայ քաղաքական ավանդույթի։ Ավանդույթ ասելով նկատի ունեմ վերջին 300 տարիների քաղաքական մտքի խմորումները, Մադրասի խմբակից մինչև Նալբանդյան, Գաբրիել Այվազովսկի և Ստեփանոս Նազարյանց։ Մեծ հաշվով դասական ազատականության ամենահիմնային գաղափարները տեղայնացվել ու հարմարեցվել են հայկական միջավայրին՝ իշխանության տարանջատման սկզբունքից մինչև պետություն-եկեղեցի հարաբերությունների ներդաշնակեցում, որի հիմքում հոգևոր իշխանության անջատ լինելու հիմնարար կանոնն է։ 

Ներկայումս շատ են խոսում Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի կապի մասին։ Իբրև թե վերջինս առաջին նախագահի հոգեզավակն ու գործի շարունակողն է։ Եթե մի կողմ թողնենք այս պնդման քարոզչական միտումները և փորձենք իսկապես համեմատել կերպարներին, ապա հետաքրքիր պատկեր դուրս կգա։ Քաղաքական իմաստով Տեր-Պետրոսյանը պոզիտիվիստ է, այսինքն, նրա համար որոշումների կայացման և առհասարակ քաղաքական գործունեության առաջնային շարժիչ ուժը մեզ շրջապատող իրողությունների, փաստերի, հանգամանքների հաշվի առնումն է։ Կոպիտ ձևակերպմամբ, առաջին նախագահը երբեք քայլ չի անի, եթե ոտքերի տակ ամուր հող չունենա, իսկ գիտական լեզվով՝ նրա գործողությունները անպայման պետք է հիմնավորված ու հագեցած լինեն էմպիրիկ, ապացուցողական տվյալներով (Տեր-Պետրոսյանին պոզիտիվիստ բնորոշումն առաջին անգամ տվել է քաղաքագետ Արման Գրիգորյանը)։  Իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյության շարժիչ ուժը իռացիոնալ ինտուիցիան է, այսինքն, նա ոչ թե քայլում է օբյեկտիվ իրականության պարտադրած խաղի կանոններով, այլ գործում է առանց տրամաբանական շղթայի, հրաշքի սպասումով։ Պատահական չէ, որ նա առանց քաղաքական և ռազմական հաշվարկի զորքերին առաջնորդում էր «Սարդարապատի»՝ հաշվի չառնելով ռազմաճակատում և ռազմական գործողություններում ստեղծված իրավիճակն ու իր հնարավորությունները։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը պետությունը կառավարում է իռացիոնալ ինտուիցիայի միջոցով, որը հակաինտելեկտուալ մոտեցում է, քանի որ որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործում կենտրոնական դեր է զբաղեցնում ոչ թե բանականությունը, այլ՝ զգացմունքները։ Կոպիտ ձևակերպմամբ նա ոչ թե մտածում է, այլ զգում է՝ որպես անտեսանելի և անապացուցելի ճշմարտությունների կրող։ Այս իմաստով նա հակահամակարգ է, հատկապես ընդդեմ այն համակարգերի, որոնք ստեղծվել են Տեր-Պետրոսյանի կողմից։ 

Միգուցե հայկական միջավայրի համար խորթ հնչի, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր կուսակցություն, գաղափարախոսություն և գործիչ պարտադիր պետք է ունենան կյանքի և աշխարհի վերաբերյալ բարոյագիտական պատկերացումներ։ Այս առումով Տեր-Պետրոսյանն ապացույցն է այն պարզ իրողության, որ քաղաքականությունն ամենևին էլ անբարոյականության ոլորտ չէ։ Առաջին նախագահն ու լևոնականները երբևէ չեն ստել հանրությանը, չեն մոլորեցրել ու խճճել։ Այսինքն, լևոնականությունն իր էությամբ հակապոպուլիզմ է, նրա հարվածի առանցքային թիրախն ամբոխավարությունն է ու դեմագոգիան։ Առաջին նախագահը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է հրաժարվել պաշտոնից, կործանել կուսակցության վարկանիշը, քննադատության և հայհոյանքի կիզակետում հայտնվել, բայց երբևէ չստել, ինքնազոհաբերվել, բայց փրկել պետությունն ու խնայել մարդկային կյանքերը։ Լևոնական էթիկայի մյուս կարևոր բաղադրիչը միշտ ու ցանկացած իրավիճակում պետության կողքին կանգնելու պատրաստակամությունն է, նույնիսկ եթե իշխանության ղեկին ամենաանցանկալի ու մերժելի գործիչն է։ Հենց այս պատկերացումից ելնելով է, որ Տեր-Պետրոսյանը երբևէ գոտկատեղից ներքև հարվածներ չի հասցնում՝ շատ լավ գիտակցելով, որ դա առաջին հերթին կվնասի Հայաստանի Հանրապետությանը։ 

Ամփոփելով միտքը՝ ուզում եմ շեշտադրել նաև ցավալի այն իրողությունը, որ լևոնականությունը հայկական իրականության, թերևս, ամենաշատ հարվածներ ստացած, հալածված և քարոզչական ձևախեղման ենթարկված գաղափարախոսությունն է։ Ասվածի լավագույն վկայությունը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման փուլերն են, երբ պետական պրոպագանդան զբաղված էր պատմության կեղծարարությամբ և  հաղթանակների ուրացմամբ։ Իրական դերակատարները մոռացության էին մատնվում, մարգինալացվում՝ ներկայացվելով որպես պարտվողականներ, հողատուներ և դավաճաններ։ 

Երկու տասնամյակների ընթացքում դիմանալով և հաղթահարելով քարոզչական այս դիվերսիային՝ այնուամենայնիվ լևոնականությունն իր ամենածանր հարվածը ստացավ 2018 թ․-ից հետո։ Պատերազմի հրձիգ դարձած ու ջախջախված իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո պարտադրված կերպով յուրացրեց խաղաղության և համակեցության կարևորագույն գաղափարները՝ դատապարտելով դրանք անխուսափելի արժեզրկման։ Այս գործում իշխանությանը մեծագույն ծառայություն մատուցեցին նաև «լատենտ» նիկոլականները, որոնք, իբր, հղում անելով նախագահի խաղաղության օրակարգին, լեգիտիմացնում են Արցախի հայաթափումը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու Փաշինյանի միակողմանի զիջումները։ Իրականում չպետք է մոռանալ, որ Տեր-Պետրոսյանի խաղաղության հարացույցում ՀՀ-ն կապիտուլացված, իսկ Արցախն էլ հայաթափված չէր, այդ համակարգում «Շուշա» և «Խանքենդի» անուններով բնակավայրեր չկային, հայաստանցին նվաստացած չէր։ Լևոնական խաղաղությունը լայնախոհ  հաղթողի պարզած ձեռք էր ի հակադրություն փաշինյանական նեղմիտ ու ահաբեկված «խաղաղասիրության», որը նրան պարտադրվել է ֆիզիկական ուժի սպառնալիքով։ 

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է
Հաջորդ հոդվածըԲաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը