Կարպիս Փաշոյան. Տձև ու խորթ այս մարմնում մենք տեղ չունենք

1579

Կարպիս Փաշոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Որքան էլ տարօրինակ հնչի, բայց կան մարդիկ, որոնք իսկապես չեն հասկանում իրավիճակի լրջությունը։ Բացատրում եմ․

Հանրային հեռուստաընկերությունը սխալ չի գործել։ Նրանց գործողություններում որևէ թյուրիմացություն, թյուըմբռնում և վրիպում չկա։ Պարզապես նրանք անում են այն, ինչը թելադրված է պետության քաղաքական կուրսով։

Իսկ այդ քաղաքական կուրսը մերժում է Հայաստանի Հանրապետության 33 տարիների պատմությունը։ Ղարաբաղյան շարժումը, Անկախության հռչակումը, Ղարաբաղյան երկու պատերազմները, անվտանգային ինստիտուտները, միջպետական դաշինքներն ու ավանդական կապերը, պետական ու ազգային սիմվոլները, լեգենդներն ու հերոսները և ընդհանրապես այն ամենը, ինչը առնչվում է Երրորդ Հանրապետության հետ միտումնավոր և հետևողական կերպով դուրս է մղվում մեր իրականությունից։ Սա կոչվում է հեղափոխություն, ինչի մասին արդեն մեկ անգամ գրել եմ։

Այսինքն, համերգները, հրավառությունները, հերոսների նկարներ ջնջելը, պատերազմի, ցեղասպանության և Արցախի հայաթափման մասին չհիշելը ոչ թե սխալի, այլ հետևողական քաղաքականության հետևանք են։

Այս փոփոխությունները ոչ մի կերպ չի կարելի բացատրել նաև ազգային մոդեռնիզացիայի կամ էլ ազգայնականության ապագաղութացման անհրաժեշտությամբ, ինչպես փորձում են մեզ համոզել լատենտ նիկոլականներն ու փսևդո ինտելեկտուալները։

Պարզապես սա նորահռչակ Չորրորդ Հանրապետությունն է իր ողջ հմայքով, որը որևէ առնչություն չունի հայկականության հետ։ Ադրբեջանի և Թուրքիայի թելադրանքով ու կոշտ դիկտատի պայմաններում ձևավորված տձև ու խորթ այս մարմնում մենք տեղ չունենք»։

Նախորդ հոդվածըԹելման Պետրոսյան. Նախագահը – 23
Հաջորդ հոդվածըԱրամ Աբրահամյան. Ինչու է արգելված «Արցախ» բառը. «Առավոտ»