Կարևորը՝ միասնաբար և առանց մտածելու․ ՉԻ

1273

Դիմադրության շարժումը հունիսի 3-ը ջրբաժանի օր է հայտարարել։ Ըստ երևույթին իմաստը սա է՝ ովքեր կհայտարարեն, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, իսկական հայ են, ովքեր չեն հայտարարի՝ հայ չեն։ Քոչարյանի խմբակցությունից մի պատգամավոր էլ հայտարարել է, թե այդ օրակարգի տակ «ցանկացած հայ, առանց մտածելու, պարտավոր է ստորագրել, եթե, իհարկե, հայ է»։ 

Առանցքայինն այստեղ «առանց մտածելու» բառակապակցությունն է։ Դե իհարկե, ի՞նչ կա մտածելու, հանկարծ չփորձեք այդպիսի բան անել։ Առավել ևս, որ եթե որևէ մեկը նման հանցավոր վարքագիծ դրսևորի (սկսի մտածել), մեկ էլ տեսար՝ ինքն իրեն շատ ավելի հանցավոր հարց տվեց․ «լավ, ենթադրենք՝ հայտարարեցինք, դրանից ի՞նչ օգուտ»։ Եվ ընդհանրապես՝ մտածելը վնասակար է։ Մտածելով գործել կարելի է, օրինակ, հավաբուն կառուցելու ժամանակ, խանութում կոշիկ ու գուլպա ընտրելիս, բայց պետության ապագային վերաբերող հարցերում մտածելը ո՞րն է։ Մենք ինչ է, արցախյան առաջին պատերազմում մտածելո՞վ ենք հաղթել։ Չէ հա, ի՞նչ մտածել, ի՞նչ ճկուն արտաքին քաղաքականություն, ի՞նչ միջազգային սկզբունքների ճշգրիտ օգտագործում, ի՞նչ ուժային բևեռների շահերի համադրում, ուղղակի մեր զինվորներն ավելի քաջ էին՝ իշխանություններից թաքուն հաղթեցինք։ Հաղթանակից հետո է՛լ 20 տարի շարունակ չենք մտածել, չէ՞։ Որպես ի՞նչ պիտի մտածեինք, «մենք մեր գործն արել ենք», ում պետք է՝ թող ինքն էլ մտածի։ Կամ կարծում եք՝ վերջին պատերազմում Ադրբեջանը մտածելո՞վ է հաղթել։ Չէ հա, նրանք ո՞ր օրվա մտածողն են, ուղղակի բախտները բերել է՝ նավթ են ունեցել ու զենք-բան են առել, բախտները բերել է՝ Թուրքիայի, Ռուսաստանի ու Արևմուտքի շահերը համընկել են մեզ պարտության մատնելու հարցում, բախտները բերել է՝ համարյա ամբողջ աշխարհն իրենց շնորհավորել է հաղթանակի առթիվ, բախտները բերել է՝ մեր գերագույն-գլխավոր հրամանատարի պաշտոնում պատահական մարդ է հայտնվել, բախտները բերել է՝ «Իսկանդերը» 10 տոկոսով է պայթել․․․ 

Բայց ամենաահավորն այն է, որ մեզանում դեռ գործելուց առաջ մտածելու հանցավոր կոչեր անողներ են մնացել։ Կան, չէ՞, այդպիսի «ծակ փըլիսոփաներ», ասում են՝ Արցախի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ չի, ինքնորոշման իրավունքի հարց է, հետևաբար՝ հակամարտության կողմերը Արցախն ու Ադրբեջանն են, ու այդ երկուսի բանակցությունների արդյունքում պիտի որոշվի Արցախի ապագա կարգավիճակը, ասում են՝ այս մոտեցումը մեզ համար շահեկան է, որովհետև ընկալելի է միջազգային հանրության համար, որովհետև աշխարհը և՛ ինքնորոշման իրավունքն է ճանաչում, և՛ «անջատում հանուն փրկության» սկզբունքը։ Ու հանկարծ՝ բըլթ․ ԼՂՀ պետնախարարը հայտարարում է, թե հենց որ միջազգային ճանաչման հարցը լուծենք-պրծնենք՝ կմտածենք Հայաստանին միանալու մասին։ Այսինքն՝ ի՞նչ ինքնորոշում, ի՞նչ «անջատում հանուն փրկության», ա՛յ բալամ, դրանք ընդամենը միջազգային հանրությանը «ֆռցնելու» համար են, մեր բուն նպատակը Ադրբեջանի կազմից դուրս գալն ու Հայաստանի կազմի մեջ մտնելն է։ Ոչինչ, որ Ադրբեջանը դա կօգտագործի՝ միջազգային հանրությանը ցույց տալու  համար, թե «տեսա՞ք, որ ասում էի սա տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, չէիք հավատում»։ Կարևորը՝ հայրենասիրական միտք էր, ասաց, անցավ առաջ։ Բա հո ամեն հայտարարությունից առաջ չի՞ մտածելու։

Մի խոսքով՝ մտածելը վնասակար է։ Եկեք պայմանավորվենք, որ սրանից հետո նույնպես մտածել չկա, արտաքին աշխարհի հետ էլ պիտի առնչվենք բացառապես հայանպաստ օրակարգով։ Չեն համաձայնվի՝ ջանդամը համաձայնվեն։

Մարկ Նշանյան

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեանյութ)
Հաջորդ հոդվածըԵԱ․ Վարազդատ Լալայանը՝ փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր