‘
Այսօր Շենգավիթ համայնքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող Վլադիկ Մարտիրոսյանը այժմ կարող էր լինել կալանավայրում, եթե միայն Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը չվճռեր պայմանական ազատ արձակել վերջինիս՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու: Ըստ լրատվամիջոցների` Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել է նախկին կնոջը և նրա ծնողներին, ինչից կնոջ մայրը տեղում մահացել է, իսկ կինն ու հայրը գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: Նելլի Բաղդասարյանը հաստատված է համարել այն, որ Վլադիկ Մարտիրոսյանը «2015թ. փետրվարի 7-ին, ժամը՝ 16:00-ի սահմաններում ․․․ ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը՝ ձախ ուսահոդի, զույգ բազուկների, ձախ նախաբազկի, ձախ դաստակի, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, քթի, կրծքավանդակի շրջանների քերծվածքների ձևով պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ», «2015 թվականի մարտի 13-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի Ս. Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի մոտ խանդի հողի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և գլխին՝ ձախ աչքի ստորին կոպի, ձախ այտային աղեղի շրջանի դրսային կեսի, աջ դաստակի թիկնային մակերեսի արյունզեղումների ձևով՝ պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ», «2015թ. ապրիլի 19-ին, ժամը 21:00-ի սահմաններում Ս. Տարոնցի նրբանցք 7-րդ շենքի բակում առանց որևէ պատճառի վիճաբանել է Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին աջից պարանոցի արյունազեղման, ձախ դաստակի քերծվածքների ձևով՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք»:
Վլադիկ Մարտիրոսյանը մեղադրվում էր կնոջը պարբերաբար՝ 2015 թ․ փետրվարի 7-ից ապրիլի 20-ը առնվազն 3 դրվագով դաժանորեն ծեծելու և դրա միջոցով հոգեկան և ֆիզիկական ցավ պատճառելու համար։ Դատարանն իր վճռով ապացուցված էր համարել այն, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել էր իր կնոջը սակայն տարօրինակաբար դատապարտել էր վերջինիս 6 ամիս ազատազրկման՝ միաժամանակ, սակայն, որոշելով վճիռը պայմանականորեն չկատարել։
Ուշագրավ է մեղադրող դատախազ Տ.Հակոբյանի դիրքորոշումն այս հարցում։ Վերջինս Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշել է, որ հաշտությունը ձևական բնույթ ունի, ռեալ չէ, ուստի սխալ է այդ հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը կամ կարճել այն։ Դատախազը շեշտել է, որ դրա մասին է վկայում այն, որ Թ․ Մանսուրյանը, որպես տուժող, շարունակում է իր բողոքը ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի դեմ։ Հետագայում նույն դատախազ Տ․ Հակոբյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ՝ պահանջելով բեկանել և փոփոխել այն՝ Վ․ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժից վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը, այն է՝ պատժից պայմանական ազատումը։ Դատախազն անհիմն է համարել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի եզրահանգումն այն մասին, որ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը նվազել է՝ նշելով, որ՝ «Վ. Մարտիրոսյանի անձը բնութագրող տվյալները առկա են եղել նաև վերջինիս կողմից հանցավոր արարքները կատարելու ժամանակ, սակայն որևէ կերպ չեն ազդել նրա հակաօրինական վարքագծի վրա, չեն նվազեցրել դրա հանրային վտանգավորության աստիճանը»։ Դատախազն ուշադրություն է հրավիրել նաև Վ․ Մարտիրոսյանի գործողությունների պարբերական բնույթ ունենալու, անգամ քրեական գործեր հարուցելուց հետո շարունակվելու վրա ․ «Նման պայմաններում, պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր չէ հասնել դրա նպատակներին, մասնավորապես՝ ամբաստանյալի ուղղմանը և նոր հանցագործությունների կանխմանը»։ Ինչպես տեսնում ենք, նոր հանցագործությունն իրոք հնարավոր չեղավ կանխել․ դատախազի վերաքննիչ բողոքը դատարանը մերժեց՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի, Արշակ Խաչատրյանի և Սևակ Համբարձումյանի նախագահությամբ։
Եվս մի կարևոր փաստ. դաժանաբար խոշտանգումներ կատարելու վերաբերյալ մեղադրանքի այս գործում այն ժամանակ խոշտանգումների գործով ամբաստանյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված որեւէ խափանման միջոց չի կիրառվել: Համեմատության համար նշենք, որ գրեթե նույն այդ ժամանակ ընթացող մեկ այլ դատավարության ժամանակ նույն դատավոր Նելլի Բաղդասարյանն այս տարի ընդամենը դատական նիստերին չներակայանալու համար քաղաքացի Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց էր կիրառել կալանքը, որի ընթացքում էլ հենց Վ. Գասպարին էր խոշտանգումների զոհ դարձել։
Այսօրվա հանցագործության զոհերը առաջին հերթին դատավոր Նելլի Բաղդասարյանի, անյուհետև` դատավորներ Մանուշակ Պետրոսյանի, Արշակ Խաչատրյանի և Սևակ Համբարձումյանի զոհերն են, որովհետեւ նրանց գործը ոչ թե արդարադատության իրականացումն է եղել, այլ իրենց եւ իրենց համակարգի խեղված եւ հանցավոր հոգեբանությունը Հայաստանի Հանրապետության անունից դատավճիռների տեսքով հասարակությանը պարտադրելը:
Այն, որ նման հոգեբանության մարդն ի վիճակի, ի զորու եւ հակված էր նման քայլի, որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցել: Բայց դա հենց արդարադատության համակարգի խնդիրն է եղել, որպեսզի արմատախիլ աներ անպատժելիության այն զգացողությունը, որ մեկ տարի շարունակ եւ տարբեր օրերի ընթացքում եւ բոլորի աչքի առջեւ խոշտանգումներ թույլ տվող անձն ունեցել եւ էլ առավել համոզվել է դատավոր Նելլի Բաղդասարյանի անհասկանալի «ներողամտությամբ» կայացված, փաստացի, որեւէ պատիժ չնախատեսող դատավճռից հետո: Այսինքն, կասկած չկա, որ այս հանցագործության տուժողները առաջին հերթին ապօրինի դատական ակտեր կայացրած դատավորների զոհերն են, իսկ հանցավոր արարք թույլ տված անձի գործողություններն ընդամենն այդ դատավորների թողտվության հետեւանքն է:
«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության իրավաբանները դիմելու են ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավորներ Նելլի Բաղդասարյանի, Մանուշակ Պետրոսյանի, Արշակ Խաչատրյանի և Սևակ Համբարձումյանի նկատմամբ` պահանջելով այդ դատավորների լիազորությունների դադարեցման միջնորդությամբ դիմել Սերժ Սարգսյանին, հաշվի առնելով, որ սույն գործով նրանց կատարած դատական սխալն է, որ հանգեցրել է ողբերգական հետևանքների: Դատավոր Նելլի Բաղդասարյանի դեպքում սա մեզ հայտնի երկրորդ լուրջ դատական սխալն է: Առաջինը Վ. Գասպարիի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելն էր, ինչի արդյունքում Գասպարին ենթարկվեց խոշտանգումների քրեակատարողական հիմնարկում:
«Իրավունքի Եվրոպա միավորում»
‘