‘«Կաֆելը տրաքում է» հնարքին հավատացած ոստիկանի գործով նախաքննությունը ավարտվել է’

681

Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը:

iLur.am-ը նախապես ներկայացրել էր Սերոբ Մխիթարյանի փախուստի մանրամասները՝ մասնավորապես այն հնարքը, որի կիրառմամբ ամբաստանյալը խաբել էր ոստիկանին:

ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց: Հովհաննես Զարգարյանը, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս, և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հովհաննես Զարգարյանի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի: 

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Նախորդ հոդվածը‘Դավութօղլու. 1915թ. «տեղահանությունը» անմարդկային եւ սխալ քայլ էր’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ հաղորդագրությունը Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման մասին’