‘Կա մշտական պրոցես և չկա վերջնական պարտություն ‘

3085

Վերջին մի քանի օրերին տեղի ունեցած սրընթաց ու քաոտիկ զարգացումները հանրության մոտ առաջացրել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները տալու համար նախ պետք է ունենալ իրավիճակի հստակ նկարագրություն: Այս պահին եղած տեղեկատվությունը դեռևս բավարար չէ ամբողջական պատկերն ուրվագծելու, հետագա քայլերը նախանշելու համար, սակայն որպես նախնական ռեմարկներ, փորձենք ձևակերպել այս պահի քաղաքական իրողությունները՝ հերթով վերլուծելով քաղաքական գործընթացի տարբեր խաղացողների այսօրեական դիրքերը:

Ի՞նչ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի և Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ: Ըստ էության, ոչ մի անդառնալի, քաղաքական տեսանկյունից ամոթալի բան տեղի չի ունեցել. Նրանք պարզապես այս պահին տեղի տվեցին տոտալ և համակարգային ռեպրեսիաներին: Կուսակցության ղեկավար կազմը, առնվազն այս պահի դրությամբ, թիկունքից չի հարվածել իր գործընկերներին՝ մտնելով կուլիսային՝ կոալիցիոն համաձայնությունների մեջ, շահադիտական նկատառումներով չի դավաճանել այն մարդկանց, ովքեր հավատում էին իրենց: Պարզապես չի կարողացել դիմակայել բռնաճնշումների մեքենային: Անշուշտ, հանրության մոտ եղած վերելքային ոգևորությունը, որն առաջացել էր այս խունտայից շատ ու շուտ ազատվելու ակնկալիքով՝ չարդարացվեց: Արդարացված չեն նաև պնդումները, թե ժողովուրդը վերջնականապես հիասթափվեց և այլևս շատ երկար ուշքի չի գալու:

Ժողովուրդը հիասթափվելու իրական հիմքեր այս պահին չունի, քանի որ իրեն չեն դավաճանել: Ի տարբերություն սոցիալական կայքերում գերակտիվ «պրոֆեսիոնալ» հիասթափվողների, հասարակ մարդիկ շատ լավ հասկանում են, որ դժվար է ոտքի վրա մնալ, երբ մի ահաբեկչական խմբավորում, պատկերավոր ասած՝ գլխիդ ատրճանակ է պահել: Իսկ այդպիսի պայմաններում նահանջելը հիասթափություն առաջացնող դավաճանություն չէ: Դեռ ավելին՝ հետագա գործընթացներում սոլիդ և քաղաքականապես հավասարակշռված դիրքերից հանդես գալու պարագայում Բարգավաճ Հայաստանն ի զորու է լիովին վերականգնելու իր դիրքերը հանրության շրջանում:

Ներկայացված իրավիճակի տրամաբանությունը հուշում է մի պարզ բան՝ բոլոր այն մարդիկ, ովքեր անկեղծորեն ակնկալում են Հայաստանում տեսնել շուտափույթ փոփոխություններ, պետք է իրենցից կախված ամեն ինչ անեն Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ու Գագիկ Ծառուկյանին օգնելու՝ ոտքի կանգնել: Այս մարդիկ ճնշմանը դիմակայել չկարողանալուց զատ, որևէ պախարակելի բան չեն արել, և հատկապես հանրության բարոյական աջակցությունը նրանց առավել քան անհրաժեշտ է:

Այսպիսով, պարտվե՞ց արդյոք Հայկը Բելին: Այս պահի դրությամբ՝ գուցե միայն ճակատամարտը: Բայց դրա փոխարեն ստացավ հայաստանյան ռեժիմի պայմաններում ընդդիմադիր քաղաքական ուժին հարիր իր առաջին մկրտությունը, ինչի համար, և թող դա անպատեհ չհնչի, սրտանց շնորհավորում ենք:

Բարգավաճի հետքայլից հետո սկսվեց գործընթացի վախճանը գուժող խորը և համապարփակ հիասթափության անթաքույց պրոպագանդա՝ իրեն բնորոշ տափակ սրամտությամբ և ազգային քաղաքական մտքի բժեզինսկիների «վերլուծական» պայծառատեսությամբ: Հիմա եկեք իրավիճակը հասկանանք:

Վերջին շրջանում բազմիցս է ասվել, որ Սերժ Սարգսյանի համակարգը թույլ է, քան երբևէ, որ ժողովրդական զանգվածի քայլերթն իսկ ի զորու է փլել այդ հյուծված բուրգը: Ինչպե՞ս եղավ ուրեմն, որ Սարգսյանը, հանրապետական «ինԾելիգենցիայի» խոսքերով ասած՝ չագուչն ու զուբիլը ձեռքին կարողացավ քանդել քաղաքական գործընթացը, և արդյո՞ք քանդեց:

Անշուշտ, փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը ձախողվեց: Բայց արդյո՞ք ուժային եղանակով Բարգավաճին նահանջի ենթարկելով՝ կրկնում եմ՝ պայմանականորեն «ճակատին պահված ատրճանակի» միջոցով, Սերժ Սարգսյանը կարողացավ վերջնականապես քանդել գործընթացը: Եկեք պատասխանը բխեցնենք մի քանի անվիճելի իրողություններից.

Նախ, առաջին անգամ բաց տեքստով ու առանց սեթևեթանքների հայտարարվեց, որ կոնկրետ անձի նկատմամբ իրականացվելու է պետական համակարգված տեռոր այն բանի համար, որ վերջինս փորձում է օրինական քաղաքական միջոցներով հասնել իշխանության փոփոխման: Սա մի փաստ է, որից հետևում է, թե ինչ գործիքակազմ կա ռեժիմի տրամադրության տակ և ո՞րն է հակաթույնը:

Երկրորդ՝ անհերքելի է նաև, որ սրընթաց գործողությունների շարժառիթը հանրային մոբիլիզացիա իրականացնելու մտայնությունն էր: Միակ իրական քայլը, որին ռեժիմը չէր կարող դիմակայել, հրապարակում «հարյուր հազար մարդ» հավաքելն ու մի որոշ ժամանակ այնտեղ պահելն էր: Հենց այս միտքն էր անթաքույց կերպով արտահայտվում հայտնի ինտելեկտուալ հավաքույթի մասնակիցների շուրթերին և հիստերիկ վախերում:

Այսպիսով, իրենց՝ քաղաքական հորջորջող դալանի տակի սխոդկայում նախ շատ «քաղաքական» բնորոշումներով Գագիկ Ծառուկյանին հռչակեցին չարիք, իսկ վերջում ախպերության պարագլուխը այդ «չարիքի» հետ նստեց բանակցելու: Ըստ ձեզ, այս քայլերով Սերժ Սարգսյանն ու իր գիշակեր շրջապատը ապացուցեցին իրենց զուբիլ-չագուչի ուժը՞, թե՞, միգուցե, մատնեցին իրենց անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, քանի որ ուժեղն ու ինքնավստահը չի իջնում անձնավորված վիրավորանքների և ուժի բացահայտ ցուցադրության մակարդակի: Սա ռեժիմի սահմանն է, ու եթե որևէ մեկը կարծում է, թե սրանով ամեն ինչ վերջացավ, ես մաղթում եմ նրան բարձր տրամադրություն և երջանկություն անձնական կյանքում:

Ամփոփելով նշեմ, որ Համաժողովրդական շարժման ներկայիս գործընթացին, անկասկած, հասցվել է հարված, և այսօրվա դրությամբ դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները: Այնուհանդերձ արձանագրենք, որ ժողովրդի խորը հիասթափության պատճառներ իրականում չկան, քանի որ Գագիկ Ծառուկյանն ու Բարգավաճ Հայաստանը չեն գործել թիկունքից և չեն դավաճանել ժողովրդի հույսերն ու գործընկերներին: Դրան զուգահեռ, Սերժ Սարգսյանը մինչև վերջ բացահայտեց ռեժիմի ամբողջ զինանոցը, որը, թեև բռնության մեծ ներուժ ունեցող, սակայն մոբիլիզացված ժողովրդական զանգվածի դեմ անկարող է:

Ինչ վերաբերում է անելիքներին՝ այդ մասին հանգամանալից և ազնվորեն կներկայացվի առաջիկա՝ մարտի 1-ի հանրահավաքին: Իսկ հիմա պարզապես արձանագրենք, որ դասական քաղաքական պրոցեսում «հիասթափություն» եզրույթ գոյություն չունի: Կա մշտական պրոցես և չկա վերջնական պարտություն: Եթե մի պրոցես ինչ-որ պահից դադարում է, դա քաղաքականություն չէ:

Արթուր Գրիգորյան 

Նախորդ հոդվածը‘ՄԽ համանախագահները ամփոփել են փետրվարի 16-19-ն իրականացված տարածաշրջան այցը’
Հաջորդ հոդվածը‘Շարժում-88. ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշումը, Շարժման պոռթկումը Հայաստանում’