‘ԿԲ նախագահ. Մենք շուկայում լինելու ենք մինչ ամսվա վերջ, լինելու ենք ամեն օր, հետո չենք լինելու շուկայում’

1250

Կենտրոնական բանկը մինչ տարեվերջ դոլար կվաճառի Հայաստանի բանկերին, ինչը կօգնի շուկային հասկանալ, թե որն է հավասարակշիռ մակարդակը: Առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6 մլն դոլար, այնուհետև արտարժույթի պահանջարկի նվազման հետ մեկտեղ ծավալները կնվազեն` հասնելով զրոյի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` վստահեցնելով, որ այս մեթոդը շատ թափանցիկ է և հասկանալի: «Այստեղ փոխարժեքի տատանումները լինելու են չնչին, բայց հնարավոր է, որ շուկայական գինը որոշվի նաև այլ հարթակում, որտեղ գինը կարող է լնել փոքր-ինչ ավելի բարձր կամ ցածր: Նման գործիքի կիրառման որոշմանը հանգել ենք փորձագետների հետ երկար քննարկումներից հետո: Սա ամենաճիշտ մեթոդն է այս պահին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ջավադյանը:

Նա հավելել է, թե Կենտրոնական բանկի կողմից դոլարի վաճառքի ծավալները ամեն շաբաթ նվազելու են` մինչ տարեվերջ հասնելով զրոյի: «Մենք  հայտարարել ենք, որ նվազեցնելու ենք մեր միջամտության ծավալները: Եթե պահանջարկը բարձր էլ լինի, մենք մեծ ծավալի վաճառք չենք իրականացնելու: Կասկածում եմ, որ պահանջարկը ավելի բարձր լինի, սակայն եթե բարձր էլ լինի, մենք նվազեցնելու ենք դոլարի վաճառքները: Մենք շուկայում լինելու ենք մինչ ամսվա վերջ, լինելու ենք ամեն օր, հետո չենք լինելու շուկայում, այս ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը»,- վստահեցրեց նա:

Ջավադյանն ասել է, թե այս գործիքի կիրառումը Կենտրոնական բանկը չի գնահատում որպես  շեղում լողացող փոխարժեքի քաղաքականությունից, քանի որ միջամտությունը կարճաժամկետ է , շուկայում ծավալի համեմատ ոչ մեծ, և ԿԲ-ն փոխարժեքի հետ կապված որևէ նպատակն չի  հետապնդում իր այս գործողություններով: «Մենք սպասում ենք, որ փոխարժեքի մեծ տատանողականությունը արագ կվերանա, քանի որ փոխարժեքը այս գործողությունների րդյունքում կհավասարակշռի»,- ասել է նա:

Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում.  ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառք` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

Նախորդ հոդվածը‘«Նասդաք Արմենիա»-ում 8-րդ օրն անընդմեջ դոլարի առքուվաճառք չի կատարվում’
Հաջորդ հոդվածը‘«Ռոստովի» ֆուտբոլիստն իր փոքր բնական կարիքը հոգացել է խաղի ժամանակ ‘