‘
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նախատեսում է նոր՝ 2000 դրամանոց թղթադրամ ներդնել շրջանառության մեջ, Tert.am-ի հետ զրույցում ասել է ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանը։ Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է անցնել Հայաստանի Հանրապետության նոր՝ III շարքի թղթադրամների ներդնմանը, որի նպատակն է նորացնել ներկայումս շրջանառության մեջ գտնվող թղթադրամների շարքը, որը ներդրվել է դեռևս 1998-2003 թվականներին և ունի միջինում 15 տարվա վաղեմության ժամկետ:
«Այս 15 տարիների ընթացքում պաշտպանված տպագրության տեխնոլոգիաները մեծ առաջընթաց են ապրել՝ ստեղծվել են նոր տեսակի հումքեր, որոնք թույլ են տալիս երկարացնել թղթադրամների «կյանքի» տևողությունը և ապահովել «մաքուր» դրամաշրջանառություն, ինչն անկասկած բնակչության մոտ ստեղծում է համապատասխան վերաբերմունք ազգային արժույթի նկատմամբ», — ասել է դրամագետը:
Մուղալյանի խոսքով, դրամի շրջանառության օպտիմալացումը պահանջում է փոփոխություններ՝ ելնելով գների և գնաճի մակարդակներից, միջին աշխատավարձի չափից և բազմաթիվ այլ հանգամանքներից:
Ըստ նրա, այսօր, թղթադրամների անվանական կազմը օպտիմալացնելու առումով անհրաժեշտություն է առաջացել շրջանառության մեջ ունենալ նաև 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ:
«Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի ընդհանուր ծավալում միջին դրամանիշը, մասնագետների հաշվարկով, կազմում է շուրջ 2000 դրամ: Սա նշանակում է, որ վերջինս պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ և, հետևաբար, դրամանիշերի օպտիմալ անվանական կազմ ունենալու համար նպատակահարմար է թողարկել նաև այս անվանական արժեքով դրամանիշ: 2000-անոց դրամանիշը տրամաբանորեն ամբողջացնում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող 20, 200 և 20000 դրամ անվանական արժեք ունեցող դրամանիշերի շարքը», — ասել է ԿԲ դրամագետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
‘