‘ԿԲ. Վարկ են տալիս, բա չտանե՞նք Գառնի. Տեսանյութ’

1018

Կենտրոնական բանկը մի ծավալուն հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացրել է Գառնու հեթանոսական տաճարի տարածքում կազմակերպած միջոցառման իր մեկնաբանությունը: Ամբողջ այդ ծավալուն հաղորդագրությունից երկու եզրահանգում կարելի է անել: 1՝ ԿԲ-ն միջոցառումը ոչ թե քեֆ, այլ ՝ պաշտոնական ընդունելություն է համարում, «համեմված մշակութային ծրագրով», (կերուխումի եւ երգի այլընտրանքային անվանում) եւ նաեւ ներկայացնում է, թե որքան «լավ» մարդկանց պատվին է կազմակերպվել այդ միջոցառումը, նրանք մեզ վարկ են տալիս:

Թե ինչ է եղել իրականում՝ կարող եք տեսնել այս տեսանյութում:

Իսկ ստորեւ ներկայացնում ենք նաեւ այս ամենի մասին ԿԲ-ի մեկնաբանությունը:

«Վերջին օրերում սոցցանցերում և մամուլում տարբեր անդրադարձներ են կատարվել մշակութային կոթողներում կայացած միջոցառումներին, որոնց թվում հիշատակվել է նաև հունիսի 18-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում Հայաստանում Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի գումարված տարեկան 8-րդ ժողովի շրջանակում կազմակերպված մշակութային ծրագիրը, ինչը թյուրիմացաբար ներկայացվել է որպես «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում»:

ՀՀ կենտրոնական բանկը հարկ է համարում նշել, որ վերջինս «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում» չի եղել, այլ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի տարեկան ժողովի առիթով կենտրոնական բանկի և Հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված պաշտոնական ընդունելություն՝ հագեցած մշակութային ծրագրով՝ հնարավորություն ընձեռելով միջոցառման շրջանակում Հայաստան ժամանած բազմաթիվ օտարերկրացիներին հաղորդակից լինել նաև մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկին ու վայելել բարձրարժեք երաժշտական երեկո:

Ընդունելությանը մասնակցել են տարածաշրջանի 18 երկրներից ավելի քան 300 պատվիրակ, որոնց թվում եղել են հիմնադրամի անդամ երկրների պետական եւ ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքում կազմակերպիչների կողմից խստորեն պահպանվել են նման միջոցառումների նկատմամբ ՀՀ մշակույթի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվող բոլոր պահանջները: Գառնու հեթանոսական տաճարի շենքը և արգելոցի տարածքում պատմա-մշակութային արժեք ներկայացնող որևէ այլ կառույց չի օգտագործվել միջոցառման ժամանակ: Շարժական բեմը, ինչպես նաև ընդունելության համար անհրաժեշտ սեղանները հավաքվել և տեղադրվել են տաճարի մերձակա սալապատված ազատ հարթակում և միջոցառումից հետո անմիջապես ապամոնտաժվել են: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները և ԿԲ անվտանգության աշխատակիցները տարածքում ապահովել են կարգուկանոնը, իսկ միջոցառման ավարտից հետո ամբողջ տարածքը մաքրվել է:

Տաճարի տարածքը այցելուների հոսքը դադարեցվել է ժ. 17:00-ից: Իսկ մինչ այդ ողջ օրվա ընթացքում զբոսաշրջիկները ազատ կարողացել են մուտք գործել տարածք:

Նշենք, որ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը ստեղծվել է Հարավային Եվրոպայի և Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու նպատակով: Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Հիմնադրամը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում գործընկեր կազմակերպությունների միջոցով տեղաբաշխել է ավելի քան 3.3 մլրդ ԵՎՐՈ-ի մոտ 470.000 վարկ: Հիմնադրամը G20-ի կողմից գնահատվել է որպես փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման առումով լավագույն հիմնադրամներից մեկը: Ներկա դրությամբ Հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրվել են մոտ 44 մլն ԵՎՐՈ-ի վարկային միջոցներ»: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Արյան շրջանառություն ունեցող հայը երբեք չի մտածի, որ իր պետությունը պիտի կործանվի’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյանների տան մոտից բերման են ենթարկել Կոնգրեսի ակտիվիստին’