‘ԿԳՆ. Что.Где.Когда-ին փող են տալիս` «մեր երիտասարդների շրջանում ինտելեկտի նկատմամբ խրախուսման» համար’

1104

Ինչպես տեղեկացրել ենք, Կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 12 միլիոն դրամ` «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու համար: ԿԳՆ-ն էլ այս գումարը իր հերթին նվիրաբերության պայմանագրով տրամադրելու է «Փի-արտ» ՍՊԸ-ին, (բաժնետերեր՝ Հրանտ Թոխատյան եւ Արմեն Թավադյան), որն էլ այդ գումարը փոխանցելու է Ռուսաստանի «Իգրա թի վի» հեռուստաընկերությանը:  

Բանն այն է, որ պետական բյուջեից ֆինանսավորում ստանում է միայն Հանրային հեռուստաընկերությունը, իսկ մնացած՝ մասնավոր հեռուստաընկերությունները մասնակցում են հեռարձակման համար մրցույթներին՝ պարտավորվելով կատարել կոնկրետ ներդրումներ: Այժմ, փաստորեն, կառավարությունը որոշել է հարկատուների գրպանից ֆինանս տրամադրել մասնավոր հեռուստաընկերության հաղորդումներից մեկին, եւ այն էլ ոչ պատահական մասնավոր հեռուստաընկերությանը, այլ՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող «Պանարմենիան» մեդիահոլդինգին մաս կազմող հեռուստաընկերությանը: Եւ ուրեմն, ինչի՞ համար եւ ի՞նչ իրավական հիմքով է մեր գրպանից 12 մլն դրամ հատկացվել:

Կրթության և գիտության նախարարության մամուլի խոսնակ Արթուր Բաղդասարյանը iLur-ի հետ զրույցում դժվարացավ պատասխանել, թե ո՞ր իրավական հիմքով է այդ գումարը տրամադրվելու:

«Կառավարությունը տվյալ գումարը հատկացրել է, որպեսզի տվյալ խաղի լիցենզիան ձեռք բերվի, ոչ թե հեռուստաընկերությամբ ցուցադրվի, այլ տվյալ խաղի լիցենզիան ձեռք բերվի: Խաղի կարևորությունը, կարծում եմ, ձեզ համար պարզ է, ինտելեկտուալ շարժումը ընդհանրապես Հայաստանում խրախուսելու կառավարության մոտեցումը և կրթության նախարարության մոտեցումը, որ տվյալ խաղը  որպես ինտելեկտուալ միջոց մեր աշակերտներին, մեր երիտասարդության շրջանում ինտելեկտի նկատմամբ, ինտելեկտուալ խաղերի նկատմամբ խրախուսումն է, խթանումն է»:

Հարցին, թե կրթության նախարարությունը արդյո՞ք ֆինանսավորում է նաեւ Հայաստանում հեռարձակվող այլ ինտելեկտուալ խաղեր, ինչպիսին է, օրինակ՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը, Բաղդասարյանը պատասխանեց. «Այս պարագայում միայն «Ինչ, որտեղ, երբ»-ին , որովհետև այն դիտարկվում է որպես ինտելեկտուալ, արդեն 30 տարվա կայացած ինտելեկտուալ խաղ, որը նաև Հայաստանի ինտելեկտուալ «բռենդի» խնդիր ունի, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ը ինքը ուրիշ խաղ է, այնտեղ ինտելեկտուալ այդ տեսակ խնդիր դրված չէ, ինչ «Что. Где. Когда» խաղում»:

Կրթության նախարարության խոսնակը, այդպես էլ չկարողացավ հստակ պատասխան տալ մեր հիմնական հարցին, այն է, թե ի՞նչ իրավական հիմքով է այդ գումարը տրամադրվել խաղի արտոնագիրը ձեռք բերելու նպատակով: «Ես ճիշտն ասած չեմ հասկանում իրավական հիմք ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Դա կառավարության և կրթության նախարարության ինտելեկտուալ խրախուսման շրջանակում է գտնվում»,-հայտարարեց ԿԳՆ մամուլի խոսնակը:

Ինչպես հայտնի է, այս խաղը հեռարձակվում է ռուսերենով: Խաղի հաղորդավար Կարեն Քոչարյանն այս հանգամանքը ժամանակին բացատրել էր նրանով, որ այն իբր ազգային փոքրամասնությունների համար է նախատեսված: Փաստորեն, ԿԳՆ խոսնակը հերքում է այս տարբերակը. կառավարությունը ոչ թե հանուն ազգային փոքրամասնությունների, այլ «Հայաստանի ինտելեկտուալ բռենդի» համար է պետբյուջեն թեթեւացնում 12 մլն դրամով:   

Կարեն Թովմասյան

Նախորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյան. Պետք է ոչ թե դնել Պուտինի, այլ հենց Սերժի հրաժարականի հարցը’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդևը հանձնարարել է «Ռոսատոմին» համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ’