‘
Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ հրապարակել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասնյանին Վատիկանում ՀՀ դեսպան նշանակելու մասին հրամանագիրը: Հրամանագրի հետ հրապարակվել է նաեւ Մինասյանի պաշտոնական կենսագրությունը՝ CV-ն, որտեղ ոչ միայն բավականաին ուշագրավ փաստեր կան, այլեւ՝ պաշտոնական կեղծիք:
Այսպես՝ 1993-1996 թվականներին Մինասյանն ավարտել է Վենետիկի Մուրատ Ռափայելյան քոլեջը, (բակալավրի աստիճան) 1996-2000 թվականներին՝ Տրիեստի համալսարանը՝ միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն մասնագիտությամբ, (մագիստրոսի աստիճան), 2001-2004 թվականերին՝ ՀՀ ԳԱԱ-ում դարձել է պատմական գիտությունների թեկնածու՝ «Հայկական հարցն ու Հայոց եկեղեցին՝ 1877-1878 թվականներին» թեմայով:
Սակայն, առավել ուշագրավ պահը Միքայել Մինասյանի աշխատանքային փորձին վերաբերող հատվածն է:
1999-2000 թվականներին աշխատել է Տրիեստի համալսարանում, 1999-2002 թվականներին՝ Եվրոպական խորհրդարանի Կովկասյան պատվիրակության փոխնախագահ Դեմետրիո Վոլչիչի աշխատակազմում, 2000-2003 թվականներին՝ Հայաստանում եվրոպական միջազգային շարժման նախապատրաստական հանձնաժողովում, եղել է Հայաստանում Եվրոպական շարժման հիմնադիրն ու տնօրենը, եւ ուշադրություն՝ ըստ ԱԳՆ կողմից հրապարակված պաշտոնական կենսագրության՝ Մինասյանը 2005 թվականից առայսօր Հայաստանում Սան Մարինոյի պատվավոր հյուպատոսն է:
2007-2008 թվականներին վարչապետի աշխատակազմում է աշխատել, 2008-2012 թվականներին՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմում:
Հիմա, կեղծիքը: Մինասյանն, ըստ իր պաշտոնական կենսագրականի, 2005 թվականից առայսօր Հայաստանում Սան Մարինոյի պատվավոր հյուպատոսն է:
Այնինչ, ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում գրված է, որ Մինասյանը Հայաստանում Սան Մարինոյի պատվավոր հյուպատոս է նշանակվել 2008 թվականի ապրիլի 8-ին: Հիմա ստացվում է, որ կամ ԱԳՆ-ն է սխալ տվյալներ հաղորդում Մինասյանի նշանակման մասին, կամ՝ Մինասյանն է կեղծել իր նշանակման տարեթիվը:
Ավելին, ըստ ԱԳՆ տվյալների, (թարմացված 2013-ի փետրվարին) Հայաստանի Հանրապետության և Սան Մարինոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2006թ. մարտի 21-ին:
Այսինքն, այն ժամանակ, երբ ըստ Մինասյանի պաշտոնական կենսագրության, ինքը նշանակվել է Սան Մարինոյի պատվավոր հյուպատոս, Հայաստանի եւ Սան Մարինոյի միջեւ դեռեւս դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն եղել:
Թե ինչպես է ստացվել, որ Մինասյանը դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց մեկ տարի առաջ է նշանակվել պատվավոր հյուպատոս, մնում է միայն կռահել: Առանձին կռահելու հարց է նաեւ, թե ինչո՞ւ եւ ինչպես է ընդհանրապես Մինասյանը նշանակվել Հայաստանում Սան Մարինոյի պատվավոր հյուպատոս, եւ ինչու այդ մասին հրապարակային չէր խոսվում:
Հ.Գ. Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նկատել է, որ Մինասյանը փաստորեն առանձնահատուկ սեր ունի գաճաճ պետությունների հանդեպ: Թե Սան Մարինոն, թե Վատիկանը, ինչպես հիշում ենք, գաճաճ պետություններ են:
‘