‘
Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն մարմնավորող հուշարձանը Կոպենհագենի նավահանգստում կրկին վանդալիզմի օբյեկտ է դարձել, այսօր հաղորդել է քաղաքի ոստիկանությունը:
«Ջրահարսը վանդալիզմի զոհ է դարձել, նրա վրա կարմիր ներկ է լցվել: Մենք հետևում ենք դեպքերի ընթացքին»,- ասվում է Կոպենհագենի ոստիկանության կայքէջում:
Politiken օրաթերթում տպված լուսանկարում երևում է, որ արձանի վրա, իսկապես, կարմիր ներկ է լցված, բայց նույն ներկով ասֆալտին գրված է. «Դանիա, պաշտպանի՛ր Ֆարերյան կղզիների կետաձկներին»:
Բանն այն է, որ այդ կղզիներում վաղուց ծաղկում է սև դելֆինների սպանդի «ավանդույթը»՝ նրանց դեպի ափն են մղում և սպանում որսատեգերի ու դանակների միջոցով: Կենդանիների իրավունքների պաշտպանները երկար տարիներ փորձում են պայքարել դրա դեմ:
Ջրահարսի արձանը 1960-ական թթ. կեսերից տարբեր պատճառներով բազմիցս վայրագության զոհ է դարձել, բայց ամեն անգամ վերականգնվել է նրա նախնական տեսքը: Արձանը մի քանի անգամ գլխատվել է, սղոցվել է ձեռքը, վրան ներկ է լցվել, տարբեր առարկաներ են կպցրել, մուսուլմանակն հագուստ են հագցրել և այլն:
Փոխանցում է Interfax-ը:
‘