‘Կենսաթոշակային բարեփոխումները ձեր խելքի ու ազնվության բանը չեն’

1546

«Եթե մտածում եք, թե դժվար է ապրել մինչեւ

վաստակած կենսաթոշակային տարիքին հասնելը,

կարող եք հանգիստ չշտապել, որովհետեւ այդ դեպքում

ապրելն անհամեմատ դժվար է լինելու»:

Անգլիական սեւ հումորի ժանրից


Հետաքրքիր է, բայց ընդդիմությանը հիմնականում  դիմացինին չլսելու մեջ մեղադող վարչապետն ի՛նքն է մշտապես հանրության հետ շփվում հնարավոր ու անհնար ամեն բան բացարձակացնելու եւ նրան այլընտրանք չթողնելու եղանակով:

«Այն կենսաթոշակային համակարգը, որը մենք ներկայացնում ենք ձեզ, այլընտրանք չունի»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց վարչապետը՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ եթե նույնիսկ թեմային առնչվող համարյա բոլոր քննակումներին մասնակցած լրագրողների մոտ են տարատեսակ հարցեր առաջանում՝ այս բարեփոխման հետ կապված, որքան առավել սովորական քաղաքացին իրավունք ունի կասկածներ ունենալ հատկապես ամեն օր իրեն տհաճ անակնկալներ մատուցող կառավարության որեւէ նոր ձեռնարկի առնչությամբ:

Բայց եթե նույնիսկ առաջնորդվենք «կասկածներ ունենալը դեռ փաստարկ չէ» սկզբունքով, միեւնույն է, դա դեռ չի՛ նշանակում, թե կենսաթոշակային բարեփոխումները ենթակա չեն լայն քննարկման: Ընդ որում՝ ոչ թե  կոնկրետ դոնորների, փորձագետների ու լրագրողների հետ, այն էլ՝ փակ սրահներում, այլ հատկապես հասարակությա՛ն լայն շրջանակներում կազմակերպված:

Ի վերջո, այս բարեփոխումները ամբողջ հասարակությանն են վերաբերում, եւ կառավարությունը պարտավո՛ր էր, այդպես էլ իրական հասցեատիրոջը չհասած բրոշյուրներ ու գրքույկներ հրատարակելուց անդին՝  գիտակցել այն հսկայական սոցիալական գործոնը, որ առկա էր բարեփոխումների հիմքում, եւ կոնկրետ փատարկներով երեւան բերել բոլոր այն սոցիալ-տնտեսական հետեւանքները, որ պիտի դրսեւորվեին բարեփոխումների ճանապարհին:

Բայց խոսենք ըստ էության: Որքան հասկացել եմ ամենատարբեր քնարկումների ընթացքում հնչած ելույթներից ու փորձագիտական նյութերից, կենսաթոշակային բարեփոխումները միայն մեր երկրի ներքին խնդիրը չեն: Ամբողջ աշխարհում, ժամանակ առ ժամանակ, իրավասու անձինք հանրության հետ լուրջ ներքին դեբատներ են ծավալել՝ թեմայի հետ կապված, եւ ի տարբերություն վարչապետի, երեք այլընտրանքային տարբերակներ են մատուցել իրենց հանրությանը: Առաջին մոդելը մե՛ր տարբերակն է, որ կազմակերպվում էր սերունդների համերաշխության, այսինքն՝ բաշխիչ սկզբունքով: Այսօր էլ զարգացած երկրներ կան, որոնք  իրենց երկրի այս կամ առանձնահատկությունը հաշվի առնելով՝ առաջ են գնում հենց ա՛յս ճանապարհով: Երկրորդ տարբերակն այն է, ինչը վարչապետն իբր այլընտրանք չունեցող է ներկայացնում՝ կուտակային: Սա այն դեպքն է, երբ քաղաքացին ի՛նքն է շահագրգիռ լինում, այսպես կոչված՝ իր վաստակած ծերության համար, իսկ կառավարությունը, ինքն իրեն ամբողջովին ազատ չզգալով սոցիալական դերակատարումից, օգնում է մարդուն՝ որոշակի չափաբաժնով ավելացնելով վերջինիս ներդրումները:

Քսաներորդ դարի վերջին, սակայն, առանձին երկրներ հասկացան, որ այս երկու մոդելներն էլ ունեն թե՛ իրենց առավելությունները, թե՛ թերությունները: Ավելին՝ հասկանալով, որ մարդկանց այս կամ այն տարբերակը պարտադրելով՝ որոշակիորեն խախտում են նաեւ ազատ ընտրության հնարավորությունը, ինչն, օրինակ, Եվրոպայում հիմնարար արժեք է դիտարկվում, գնացին, այսպես կոչված՝ խառը մոդելի ճանապարհով: Այլ կերպ ասած՝ հնարավորինս բարեփոխեցին բաշխիչ հիմնադրամները՝ հընթացս ստեղծելով նաեւ մասնավոր կուտակային հիմնադրամներ, որոնք իրենց հերթին նպաստեցին պետության տնտեսական զարգացմանը՝ մարդկանց ձեռքում եղող «կարճ փողերը» դարձնելով, այսպես կոչված՝ «երկար փողեր»:

Հիմա Հայաստանի պարագայում, թվում է, դեռ տարիներ առաջ պիտի անցած լինեինք հատկապես խառը մոդելին, եւ, նկատի ունենալով նաեւ դրսից մասնավորին ուղարկվող տրանֆերները, հնարավորություն տայինք մարդկանց նաեւ ա՛յդ փողերը ներգրավել մասնավոր հիմնադրամներում:

Սա չարվեց: Եւ հիմա, չգիտես ինչու, իբրեւ այլընտրանք է ներկայացվում հատկապես կուտակային մեթոդը՝ մասնավոր զրույցներում ակնարկելով, թե եթե այդպես չանեն՝ համակարգը չի կայանա:

Ուղիղն ասած՝ մարդկանց կասկածներն ու ինքնակամ նման բարեփոխման մեջ չներգրավվելն ուղիղ համեմատական է քաղաքացու՝ կառավարության նկատմամբ ունեցած վտահության պաշարին, եւ հենց միայն այս խնդիրը կառավարությանը պիտի հուշեր այլեւս ահռելի ֆինանսական միջոցներ չնախատեսել բյուջեում՝ այս կամ այն սոցիոլոգիական հարցման միջոցով իր նկատմամբ առկա վերաբերմունքը պարզելու համար:

Բայց եթե դա էլ մի կողմ թողնենք, իրականում ինձ համար հենց սկզբից էր հասկանալի, թե մեր կառավարությունն ինչու գնաց հատկապես այս ճանապահով:

Բանն այն է, որ արտագաղթի, ամենատարբեր այլ պատճառներով մենք աստիճանաբար ավելի ու ավելի ծերացող ազգ ենք դառնում: Ակնհայտ է, որ այդ պարագայում համապատասխանաբար ավելանում են նաեւ կենսաթոշակային հիմնադրամի բեռնվածության աստիճանն ու  առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում՝ նաեւ բյուջետային ռիսկերը:

Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանը, որին դոնորներն են ստիպում, հակառակ պարագայում՝ բարեփոխումներն իրականացնելու համար մեկ լումա անգամ մեզ չեն տրամադրի, կեղծ լացով իրականում մի ձեռքով երկու ձմերուկ է վերցնում: Առաջինը՝ պետության վրայից մեծ չափով գցում է մարդկանց պատշաճ կենսաթոշակով ապահովելու պարտավորությունը, երկրորդ՝ հնարավորություն է ստանում ոչ միայն այդ փողերի մի մասն օգտագործել ներքին կարիքների համար, այլեւ  առանձին լֆիկների օգնել, որպեսզի սրանք մեր հաշվին է՛լ ավելի հարստանան: Ասես՝ քիչ փող ունեն: Հակառակ պարագայում, բացի ցայսօր անծանոթ, իբր՝ հուսալի դրսի կառավարիչների մասին խոսելուց՝ ցույց կտայիք նաեւ բոլոր այն ադեկվատ ենթակառուցվածքները, որ ստեղծվել են այս ընթացքում այդ ներդրումները մարսելու համար, մատնացույց կանեիք այն շուկայական մեխանիզմներն ու տեխնոլոգիաները, որոնք պիտի գործադրվեին այդ հենքի վրա, հանրությանը կներկայացնեիք, այսպես կոչված՝ բարեփոխումներին սոլիդար այն վերաբաշխիչ գործիքները, դրանց թվում՝ հարկային, ընդ որում՝ բարեփոխված, որոնք կապահովագրեին մարդկանց խնայողությունները: Ավելին ասեմ՝ մեջտեղ կբերեիք այն կոնկրետ ցանկը, որտեղ, մարդու համաձայնությամբ, կմատնանշվեին բոլոր այն ոլոտները, որտեղ այս կամ կառավարիչը իրավունք կունենար գործածել նրա ներդրումները, ու նաեւ նրանք, որոնք բացաձակապես անընդունելի պիտի լինեին՝ ռիսկայնության տեսանկյունից: Այնպես որ՝ մարդիկ իրավունք ունեն կասկածներ ունենալ, խորհրդային տարիներին նրանք արդե՛ն նման մի փորձ ունեին՝ խնայողություններ առանձնացնելու: Որտե՞ղ են հիմա այդ փողերը, կարո՞ղ եք ասել: Այն խղճուկ միջոցները, որ դուք բավական տարօրինակ ինդեքսավորման եղանակով եւ արդեն մահվան մահճում տրամադրեցիք ոմանց, ի՞նչ եք կարծում՝ բավարարեցի՞ն գոնե օղորմաթասի համար: Թե՞ հարազատներն էլի իրենց վիշտը թողած՝ թաղման ծախսերի հոգս էին հոգում…

Չխոսենք արդեն երկու՝ էլի՛ շատ կարեւոր գործոնների մասին…

Խնդիրն այն է, որ ամբողջովին կազմալուծված տնտեսության ու կառավարման համակարգի պայմաններում անհնար է առանձին վերցրած մի ոլորտում բարեփոխում անել եւ հաջողության հասնել: Չի՛ լինում այդպես:

Օրինակ՝ եթե դու հրաշալի գիտես, որ քո երկրում գործազրկության ահռելի խնդիր կա, եթե տեսնում ես, որ արհմիությունները կաթվածահար են, կամ զբաղված մարդը բացարձակ պաշտպանված չէ աշխատանքային օրենսդրությամբ, իսկ որ ամենակարեւորն է՝ տարիներ շարունակ ֆիսկալ քաղաքականությանդ միջոցով ամե՛ն բան արել ես, որ գործատուն իր աշխատողների մեծ մասին չգրանցի որպես զբաղված, ի՞նչ իրավունքով ես գնում կուտակային մոդելը միակ այլընտրանքը համարելու ճանապարհով, կարելի՞ է իմանալ, պարոն վարչապետ: Ո՞րն է ձեր ուզածը. որ մարդը վերջապես համարձակվի խնդրել, որ իրեն գրանցեն, որովհետեւ դա խփում է ոչ միայն օրվա, այլեւ վաղվա գրպանի՞ն: Իսկ տեղյա՞կ եք, որ արդե՛ն իսկ բազմաթիվ նման դեպքեր կան, երբ գործատուն պարզապես ցտեսություն է ասել աշխատողին՝ ընդամենը հինգ րոպեում չգրանցման պայմանով մեկ այլ աշխատող գտնելով:

Այնպես որ, հարգելի կառավարություն, այո՛, չնայած կենսաթոշակային բարեփոխումները մեզ օդ ու ջրի պես են անհրաժեշտ, բայց դրանք դու՛ք չէ, որ պիտի անեք՝ ձեր զրոյական վստահության ներշնչմամբ ու կեղծիքներով լի անցյալով՝ մեկ, այսպիսի կիսատ-պռատությամբ ու երեւույթների նենգափոխմամբ՝ երկու: Կենսաթոշակային հիմնադրամներն իրականում երկրի տնտեսական զարգացման հարցում շատ կարեւոր դռներ կարող են բանալ, բայց ձեր բացած բոլոր դռները, ցավոք, միայն դեպի անհուսություն, անհայտություն եւ, որ ամենակարեւորն է՝ սեփական գրպանն են տանում: Ձեր միջոցով այսպիսի բարեփոխման, կոնկրետ՝ ես, դեմ եմ ու ինձանից կախված ամեն բան պիտի անեմ, որ ձեր այս ձեռնարկն անպայման տապալվի:

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում հրաժարվում են ամանորյա խնջույքներից’
Հաջորդ հոդվածը‘Մոնսերատ Կաբալյեն Հայաստանին ու Ղարաբաղին նվիրված ալբոմ է թողարկել’