‘«Կենսաթոշակների կուտակային հիմնադրամի մասին» օրենքի իրական տեքստը’

1413

Ինչպես արդեն գիտենք, «Կենսաթոշակների կուտակային հիմնադրամի մասին» նոր օրենքը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել հանրության և քաղաքական ուժերի շրջանում: Հրապարակային քաղաքացիների բողոքը ուղղված է նրա դեմ, որ նոր օրենքի գործողության մեջ մտնելուց հետո աշխատավարձերը կնվազեն, իսկ կուտակված գումարների համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրելու և մինչև թոշակի անցնելը՝ շատ հնարավոր է, որ այդ գումարները անհայտանան: Բացի հրապարակային տեսակետից կա նաև ոչ հրապարակայինը, որի համաձայն՝ քաղաքացիների կուտակած գումարներից օգտվելու են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Հաշվի առնելով այս փաստը՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթը այսօր հրապարակել է «Կենսաթոշակների կուտակային հիմնադրամի մասին» իր տարբերակը, որտեղ ներառված են քաղաքացիների բոլոր մտահոգությունները, որոնք սակայն նրանք հրապարակային չեն հնչեցնում: Ներկայացնում ենք օրենքի նախագիծը ստորև.

Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ապահով ծերության հրամայականը և ՀՀ պետբյուջեի՝ բացառապես սեփական միջոցներով այդ հարցը լուծելու անկարողությունը, կարևորելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների զանազան մանր-մունր կարիքները հոգալու նպատակով համապատասխան հիմնադրամի ստեղծման առաջանցիկ անհրաժեշտությունը, ինչպես նաև առաջնորդվելով ֆինանսական միջոցների է՛լ ավելի արդարացի բաշխման ազնվագույն մղումներով, առաջարկում ենք անհապաղ ընդունել նոր օրենք կենսաթոշակների կուտակային հիմնադրամի մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն վերջ կդնի անհարկի քաղաքական և քաղաքացիական շահարկումներին, այլև հերթական անշրջելի քայլը կլինի Հայաստանի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Եւ այսպես.

ՕՐԵՆՔ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ (նախագիծ)

Հոդվ. 1. Կենսաթոշակային հիմնադրամին վճարումներ են կատարում բացառապես ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կենսաթոշակային տարիքի կհասնեն ոչ շուտ, քան 20 (քսան) տարի անց:

Հոդվ. 2. Օրենքի ընդունման պահին ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոններն զբաղեցնող անձինք թոշակային տարիքի հասնելուն պես դադարում են որևէ պատասխանատվություն կրել հիմնադրամի հետագա գործունեության համար:

Հոդվ. 3. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները կուտակային հիմնադրամի գումարները կարող են տնօրինել բացառապես միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում՝ օրենքով սահմանված քվոտաներով:

 ՀՀ նախագահի և (կամ) վարչապետի եղբայրները հիմնադրամի միջոցները տնօրինում են պարզեցված կարգով:

 Նույն եղբայրը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ծախսել հիմնադրամի 2 (երկու) տարվա հասույթը:

Հոդվ. 4. Կուտակային հիմնադրամին պարտաճանաչ կերպով փոխանցումներ կատարած ՀՀ քաղաքացիները թոշակ չեն ստանում, եթե.

ա. ՀՀ-ն կորցնում է ինքնիշխանությունը և (կամ) անդամակցում որևէ միավորման՝ համարժեք հետևանքներով.

բ. Սույն օրենքի հոդված 3-ով նախատեսված գործընթացների արդյունքում հիմնադրամն ի վիճակի չի լինում դիմակայել արտաքին և ներքին մարտահրավերներին.

գ. Տվյալ շահառուն առաջիկա 20 (քսան) տարիների ընթացքում 3 (երեք) և ավելի անգամ խախտում է երթևեկության կանոնները.

դ. Գլոբալ տաքացման արդյունքում Երկիր մոլորակի ջերմաստիճանը բարձրանում է ավելի քան կես աստիճանով.

ե. Օրենքով չնախատեսված այլ դեպքերում:

Հոդվ. 5. Կուտակային հիմնադրամից օգտվելու իրավունքից զրկված քաղաքացիները տխրում են:

Սույն տխրությունը չի կարող հիմք հանդիսանալ դատական ատյաններին դիմելու, բողոքի զանգվածային միջոցառումների մասնակցելու և այլ հակաօրինական գործողությունների համար:

Հոդվ. 6. Կուտակային հիմնադրամին գումարներ փոխանցելուց հրաժարված քաղաքացիների ծեծույթն իրականացնում են բացառապես ՀՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումները՝ պարզեցված ընթացակարգով:

Հոդվ. 7. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է փոփոխության ուղիղ 20 (քսան) տարի անց:

Հուսով ենք՝ խորհրդարանական մեծամասնությունը չի բոյկոտի սույն նախագծի ընդունման նպատակով հրավիրվելիք նիստը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մինչ օրս անպատասխան է’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ. Վիլնյուսի գագաթնաժողովը պետք է լուրջ վերաբերվի տարածաշրջանային հակամարտություններին’