‘Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին անցնելու ժամանակը չէ ‘

848

Մենք գտնում ենք, որ եվրոպական երկրների շարքում աշխատավարձի մակարդակով վերջին տեղն զբաղեցնող հանրապետությունում, որն ունի տնտեսական զարգացման աճի, մեղմ ասած՝ ոչ բարձր տեմպեր, այն ժամանակը չէ, որ մենք միանգամից անցնեինք կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին: iLur.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: 

«Մենք կողմնակից ենք կամավոր կուտակային համակարգին, որովհետև պարտադիր կուտակային համակարգը ևս 5-10 տոկոսով թանկացնում է մեկ աշխատատեղի ստեղծումը, որովհետև պետք է պահանջարկի ծավալը նորից նվազեցվի, 5 տոկոս վճարվի՝ մեկ աշխատողի աշխատավարձի հաշվով, և ևս 5 տոկոսով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին», — ասաց Մելքումյանը: 

Նշենք, որ Հայաստանում նախորդ տարվանից գործում է կամավոր կուտակային համակարգը: Նոր օրինագծի հաստատվելու դեպքում այս համակարգը Հայաստանում կգործի 2014 թվականի հունվարի 1-ից, կտարածվի միայն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների վրա, ովքեր ամեն ամիս իրենց ստացած աշխատավարձի 10 տոկոսը պետք է կուտակեն, որպեսզի օգտագործեն 63 տարեկան  դառնալուց հետո՝ որպես թոշակ: Հինգ տոկոսը կվճարի աշխատողը, մյուս հինգ տոկոսը նրա կենսաթոշակային անհատական հաշվին կփոխանցվի պետբյուջեից: Պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կատարելու է աշխատողի գործատուն: 

Պատգամավորն ընդգծեց, որ մասնավոր ֆոնդերի կառավարիչների գործունեության հիմքում դրված մեխանիզմները վստահություն չեն ներշնչում, և բացառված չէ, որ այդ գումարները տարբեր արժեթղթերի ձևով հայտնվեն արտասահմանյան երկրներում, իսկ դրանց ռիսկերի կառավարումը, ըստ Մելքումյանի, որևէ կերպ օրենքով ամրագրված չէ:

Նախորդ հոդվածը‘Բիլ Քլինթոնի համակուրսեցի՝ Ֆիլիպինների նախկին նախագահին դատում են’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանում լրագրողը ձերբակալվել է երկրի մեծահարուստների գաղտնի ցուցակը հրապարակելու համար’