‘Կերակրատաշտից օգտվելու ճանապարհային քարտեզը’

1728

Ինչպես և սպասելի էր, Տեր-Պետրոսյանի ցանկացած ելույթից կամ հարցազրույցից հետո Հայաստանի իշխանություններն ընկնում են ալեկոծության մեջ, և այդ ալիքների տակից լսվում են ՀՀԿ տարբեր տրամաչափի գործիչների ճվճոցները: Ու այդ ձայների մեջ դժվար է զանազանել, թե ինչ են ուզում ասել վերջիններս:  

Այդ անհոդաբաշխ ճվոցներից մի քանի օր հետո դաշտը հանդարտվում է, և իշխանություններն արդեն, իրենց կարծիքով՝ հանդարտված «ծով» են նետում «անկախ լրատվամիջոցներին» ու տարաբնույթ ՀԿ-ների տակ թաքնված վերլուծագանգերի, որպեսզի իբր նրանք կարողանան Տեր-Պետրոսյանի ասածների տակից դուրս գալ: Սակայն, ինչպես միշտ, նրանք հայտնվում են ավելի ծիծաղելի վիճակում, քան՝ եթե լռեին, քանզի նրանց «մեկնություններն» ավելի  բացահայտ են դարձնում իշխանական տեսակետների մերկությունն ու դատարկությունը:

Չարժե անդրադառնալ իշխանություններին, քանզի նրանց հետ կապված ամեն ինչ պարզ է, և դժվար թե ավելին կարելի լինի ասել, քան իրենք իրենց մասին են ասում իրենց իսկ գործողություններով: Ուստի այս անգամ՝ մի քանի խոսք վերլուծագանգերի արտահայտած մտքերից՝ չնայած, հանուն արդարության՝ պետք է նշել, որ նրանց ասածն էլ որպես հոդաբաշխ միտք ներկայացնելը խիստ չափազանցված է:

Փորձելով փրկել Սերժ Սարգսյանին՝ նրանք հիմա դաշտ են նետել մի միտք. ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չի ներկայացրել Քոչարյանի չվերադառնալու ճանապարհային քարտեզը, այլ ներկայացրել է Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզը:

Այս տրամաբանությամբ՝ կարելի է Տեր-Պետրոսյանին մեղադրել, թե ինչո՞ւ նա չի ներկայացրել որոշ քաղաքական չգիտեսինչերի՝ Նեմեց Ռուբոյին ծախվելու ճանապարհային քարտեզը, կամ Միշիկի լրատվամիջոցների աստղերը դառնալու ճանապարհային քարտեզը: Բայց, ի՞նչ արած, մարդիկ էլ էդպիսի մեղադրանքներով են փորձում իրենց «հացը» վաստակել:

Ախր սարսափելին այն է, որ «վեհ գաղափարներից» խոսող այս գործիչները երբևէ չեն անդրադառնում այն հարցին, թե Մարտի մեկի միջոցով ո՞վ զավթեց իշխանությունը, և ո՞վ, առանց այդ սպանդը կազմակերպելու, իր ծոծրակը կտեսներ, բայց նախագահի աթոռը չէր տեսնի:

Վերոնշյալ «գործիչներն»  այնքան են կաղում բարոյականությունից, որ անգամ հոկտեմբերի 27-ի մասին խոսելիս մոռանում են հիշել, թե այդ ժամանակ ով էր ազգային անվտանգության պատասխանատուն, և ում հրաժարականն էին իրենք պահանջում ու ասուլիս տալով՝ հայտարարում, որ առանց վերջինիս չեզոքացման՝ հնարավոր չի լինի բացահայտել այդ հանցագործությունը: Այդ մարդու անունը նրանք ո՛չ այդ կապակցությամբ, ո՛չ էլ այլ առիթներով՝ պարզապես չեն տալիս այլեւս:

Հիմա նրանք կարող են հեշտությամբ համագործակցել իրենց երկիրն այս վիճակին հասցրած ՀՀԿ-ի հետ՝ իրենց ծառայությունների համար  խորհրդականների ու դեսպանների պաշտոններ ակնկալել իշխանություններից, միայն թե Հայաստանում իշխանափոխություն չլինի, և իրենց «կոռմը» չպակասի:

Սանասար Հավասարյան 

Նախորդ հոդվածը‘Հակախմբագրական. «Մեղայաստծու»’
Հաջորդ հոդվածը‘ՀԾԿ հանձնաժողովի անդամները հայտարարագրել են տասնյակ հազարավոր դոլարներ’