‘
Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջի վրա երեկ առավոտյան հարձակում է կատարվել, որի արդյունքում զոհվել է 19 հոգի, 37 մարդ հիվանդանոցում է: Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի տվյալներով՝ տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
ՌՔԿ-ն օպերատիվ կերպով ահաբեկչության վերաբերյալ գործ է հարուցել, սակայն հետո այն վերաորակել է սպանության:
ԶԼՄ-ներն սկզբում հաղորդել են կենցաղային գազի պայթյունի մասին, սակայն հետագայում պարզվել է, որ շենքը գազիֆիկացված չէ:
Քոլեջի ճաշարանում գործարկվել է պայթուցիկ սարք, որից հետո, ականատես ուսանողների խոսքով, կրակոցներ են հնչել: Քոլեջի տնօրենը, որն այդ պահին շենքում չի եղել, սկզբում ասել էր, թե մի քանի անհայտ անձինք զենքերով ներխուժել են երկրորդ հարկի կաբինետներ ու «սպանել բոլոր պատահածներին»: Սակայն մյուս բոլոր ականատեսները պնդել են, որ հարձակվողը միայնակ է եղել:
Ակսյոնովը հաղորդել է, որ հարձակման մեջ կասկածվող անձը նույն քոլեջի չորրորդ կուրսի ուսանող է: Նրա մարմինն իրավապահները հայտնաբերել են ուսումնական հաստատության գրադարանում: Քննչական կոմիտեն ճշտել է, որ դա 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է, որը, ամենայն հավանականությամբ, հարձակումից հետո ինքնասպանություն է գործել:
Քոլեջում պատմել են, որ նա երբեք «ինչ-որ ագրեսիվ պահվածք չի ունեցել, ոստիկանություն չի տարվել, կրթաթոշակ է ստացել»: Համակուրսեցիների խոսքով՝ Վլադ Ռոսլյակովը «շատ ինքնամփոփ մարդ էր, գրեթե ոչ մեկի հետ չէր շփվում ու վաղուց դուրս էր եկել սոցցանցերից: Հետաքրքրվում էր մոլագարներով»:
Փոխանցում է BBC-ն:
‘