‘
Բավական ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Շվեյցարիայի առաջնության վերջին տուրում՝ «Թուն»-«Ցյուրիխ» հանդիպման ժամանակ, երբ խաղադաշտ է ներխուժել մի կզաքիս, որը իսկական գլխացավանք է դարձել ֆուտբոլիստների համար:
Խաղացողները գրեթե հինգ րոպե չեն կարողացել որսալ գիշատիչ կենդանուն, որը անհասկանալի կերպով կարողացել էր հաղթահարել մարզադաշտի բոլոր արգելքներն ու մտնել դաշտ: Այդ ամբողջ ընթացքում կզաքիսը աշխուժորեն վազել է դաշտում, երբեմն թաքնվելով գովազդային վահանակների ետեւում, հաղորդում է The Telegraph-ը:
Երկար փորձերից հետո «Ցյուրիխի» խաղացող Լորիս Բենիտոյին հաջողվել է որսալ «օրինազանցին», սակայն վերջինս շրջվելով՝ կծել է մարզիկի մատը եւ նորից ազատության մեջ հայտնվել: Ի վերջո, կզաքիսին վերջնականապես բռնել է «Ցյուրիխի» դարպասապահ Դավիդ դա Կոստան, որի ձեռնոցները կենդանու սուր ատամների համար չափազանց հաստ են եղել:
Իսկ հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով՝ հօգուտ «Ցյուրիխի»:
‘