‘
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, որտեղ հաստատել է Հայաստանի նախագահի հրամանագրով 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տվյալները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշմամբ սահմանել է Ազգային ժողովի ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը:
Ըստ այդմ, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի՝ տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը պետք է սահմանվի ընտրությունները նշանակելուց հետո տասն օրվա ընթացքում: Կուսակցությունների կամ դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն քվեարկության օրվանից ոչ ուշ քան 25 օր առաջ, այսինքն, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչև նոյեմբերի 14-ը ժամը 18:00-ը: Կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18-ը: Նախընտրական քարոզարշավը կտևի 12 օր՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը:
Միաժամանակ ԿԸՀ-ն հայտարարությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ ոստիկանությանը:
Հայտարարության մեջ ԿԸՀ-ն նշել է, որ «Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների համար զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը լիազոր մարմին և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու վերջնաժամկետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ է»:
«Ելնելով արտահերթ ընտրությունների համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների առանձնահատկություններից պահանջվող թվերը լիազոր մարմին և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր առաջ, այն է՝ մինչև նոյեմբերի 9-ը»,- ասված է հայտարարության մեջ:
‘