‘
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը համեմատում է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կառավարման մեթոդների հետ:
«Ամերիկան՝ ամենից վեր» ռազմավարությունը «նացիզմի ամերիկյան տարատեսակն է, որն անցյալ հարյուրամյակը պարուրել էր աննախադեպ դաժանությամբ», ասվում է հայտարարության մեջ:
Տեքստի հեղինակները գրում են, որ «ամերիկյան առաջնորդի ռեակցիոն գաղափարախոսությունն ուղղված է այլ ժողովուրդների իրավունքների և ինքնիշխանության սահմանափակմանը՝ ի շահ Միացյալ Նահանգների »: Թրամփի միգրացիոն քաղաքականությունը, լրատվական գործակալության կարծիքով՝ «ոչնչով չի տարբերվում ֆաշիզմի ռասիստական քաղաքականությունից» և «արատավորում է Ամերիկան»:
««Ամերիկան՝ ամենից վեր» ռազմավարության ծագման պահից ի վեր աշխարհը ոչ մի րոպե հանգիստ չի ունեցել»,- ասվում է խմբագրության հոդվածում, որի հեղինակները կոչ են անում «բոլոր ազգերին միավորվել և պայքարել ԱՄՆ-ի գերիշխանության դեմ»:
Փոխանցում է BBC-ն:
‘