‘Կիեւին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կաճի մինչեւ 40 միլիարդ դոլար’

1095

Ուկրաինային տրամադրվող ընդհանուր ֆինանսական օգնության գումարը կկազմի 40 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Միջազգային արժութային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Փոխանցում է РИА Новости-ն: Գումարը կտրամադրվի Կիեւին 4 տարվա ընթացքում:

Լագարդը նաեւ ասել է, որ վարկերը կտրամադրվեն «մի քանի աղբյուրներից»: Ընդ որում, ԱՄՀ-ն Ուկրաինային լրացուցիչ 17,5 մլրդ դոլար կհատկացնի, փոխանցում է ТАСС-ը: «Ծրագիրը  դեռեւս հաստատված չէ կառավարիչների կողմից: Ես հուսով եմ, որ կառաջարկեմ այն հաստատման մինչեւ փետրվարի վերջ»,- ասել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն միջազգային հանրության օգնության չափերի առիթով բողոքներ էր արտահայտել: Նա նշել էր, որ Հունաստանի համեմատությամբ Կիեւը «չնչին գումար» է ստանում: Յարեսկոն նաեւ հայտարարել էր, որ Ուկրաինան «լավ փոխառու» է: Նրա կարծիքով՝ ներդնողները թերագնահատում են ուկրաինական ժողովրդի՝ դժվարություններին դիմակայելու եւ «պարտքերը ինքնակամ վճարելու» ունակությունը:

2014թ. արդյունքներով երկրի արտաքին պարտքը կազմել է 30 մլրդ դոլար: Դա Ուկրաինայի ՀՆԱ-ի մեկ քառորդն է: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենուկը տեղեկացրել է, որ 2015թ.-ին Կիեւը 11 մլրդ դոլարի պարտք պետք է մարի: Ընդ որում, Կիեւի ոսկու պահուստները չեն գերազանցում 8 միլիարդը:  

Փետրվարի 10-ին Համաշխարհային բանկը Ուկրաինային հատկացրել էր 378,4 միլիոն դոլար էներգացանցերի զարգացման նպատակով: Ավելի վաղ, այդ կազմակերպությունը արդեն նույն նպատակով տվել էր 200 միլիոն:

Դեկտեմբերի 3-ին Եվրամիությունը՝ մակրոֆինանսական օգնության երկրորդ ծրագրի շրջանակներում (MFA2), Ուկրաինային հատկացրել էր 500 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «ծրագրային» ելույթ կունենա’
Հաջորդ հոդվածը‘Մանրամասներ Տիգրան Սիմոնյանի մահվան հանգամանքների վերաբերյալ. Ձերբակալվել է սպա’