‘«Կիկոսի վերադարձը» ժողովածուի շնորհանդեսը կկայանա ինտերակտիվ ձևաչափով (ֆոտոշարք, տեսանյութ)’

1756

«Կիկոսի վերադարձը» պատմվածքների ժողովածուն ընթերցողին առաջին անգամ կներկայացվի մարտի 21-ին: «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Արմեն Օհանյանը նշել է, որ կայանալիք շնորհանդեսը կտարբերվի հայաստանյան իրականության մեջ իր ձևաչափով: Սա նրա առաջին գիրքն է, որը  հրատարակվել է «Անտարես» հրատարակչության «XXI» մատենաշարով:

«Կայանալիք միջացառումը ավանդական շնորհանդեսի անցկացման ձևաչափից դուրս է լինելու: Չեն հնչելու նեղ միջավայրում ընդունված բաժակաճառեր, այլ փոխարենը կլինի գրքին նվիրված երեկո»,- ասաց Օհանյանը: Նա նշեց, որ գրական շրջանակներում գրքի շնորհանդեսի անցկացման նոր ձևաչափով պայմանավորված քննադատությունից չի վախենում, այլ հակառակը, կողմ  է առողջ քննադատությանը: Միջոցառումը կուղեկցվի նաև Հովհաննես Թեքգյոզյանի կողմից գրքի ինտերակտիվ ներկայացմամբ, ինչպես նաև այցելուները հնարավորություն կունենան իրենց հետ բերել շապիկներ, որոնք ցանկության դեպքում կարող են նկարազարդվել պրոֆեսիոնալ նկարիչների կողմից: Երեկոն կուղեկցվի DJ Վակցինայի երաժշտությամբ: Կազմակերպիչները խոստանում են նաև այլ անակնկալներ:

Արձակագիր Օհանյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես մանկավարժ` դասավանդելով հանրակրթական դպրոցում շուրջ 7 տարի: Սկսած 2006-ից վերաորակավորվել է և հիմնականում աշխատել տարբեր հաստատություններում որպես հանրային կապերի մասնագետ: Գրական ուղին մեկնարկել է ավելի ուշ, 30-ից հետո` ստեղծելով հայ արձակի նորարար-փորձարարական, ինտերակտիվ գործեր («ՊոչԱՏՈւՄ», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»): Առաջին պատմվածքները հրապարակվել են «Ինքնագիր» գրական հանդեսում, այնուհետ պարբերաբար տպագրվել է «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթում: 2008-ից Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժման ակտիվիստ է, սակայն գրականության մեջ իր քաղաքական հայացքները մինչև 2011-ը դրսևորվել են իմպլիցիդ կերպով: Իր հարցազրույցներով հրապարակավ հանդես է եկել  հայ գրական առկա գործընթացի կոշտ քննադատությամբ` համարելով այն ռեպրեսիվ մշակույթն ամրապնդող և նկարագրողական:

iLur.am-ի տեղեկություններով, Արմեն Օհանյանը ընդգրկված է Երևանի ավագանու ընտրությունների Հայ ազգային կոնգրեսի ցուցակի առաջին տասնյակում:

Ավելի վաղ, YouTube-ում հայտնվել էր մեկ րոպեանոց մի հոլովակ, որն արդեն բավական տարածում է գտել: Աշխարհին «վարակած» «Հարլեմ շեյքը», Հայաստանում առաջին անգամ, փաստորեն, կատարում են «Կիկոսի վերադարձը» ժողովածուի հեղինակը և ընթերցողները:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. 4-րդ տուրից հետո երկիշխանություն է’
Հաջորդ հոդվածը‘Կկրկնի՞ արդյոք Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարդինալ Բերգոլիոյի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին ‘