‘Կիմ Կի-Դուկը Երեւանում է. Բացվեց «Ոսկե Ծիրան» 2014-ը ‘

1342

Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը. փառատոնային առաջին օրվա օրակարգն սկսվեց մամլո ասուլիսներով, որոնք ներկայացրին Հայկական համայնապատկեր մրցույթում ընդգրկված «Կաթնեղբայր» (ռեժ.` Վահրամ Մխիթարյան), «Հարություն» (ռեժ.` Ալեն Մանուկյան), «Հոգաբարձուներ» (ռեժ.` Վիկտորյա Ալեքսանյան), «Անպետքը» (ռեժ.` Արշակ Զաքարյան), «Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել», (ռեժ.`Սեգ Կիրակոսյան) և «Ճանապարհի փիլիսոփաներ», (ռեժ.` Հարություն Շատյան) կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերը: Լրագրողների հետ հանդիպեցին և իրենց ֆիլմերի մասին խոսեցին իրենք` հեղինակները:

Փառատոնային առաջին օրվա երկրորդ կեսը նշանավորվեց ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի տեղի ունեցավ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Ապա «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ ուկրաինացի լուսանկարիչ Յուրի Գարմաշի ցուցահանդեսը` ներկայացնող Սերգեյ Փարաջանովին` ի պատիվ մեծ արվեստագետի հիշատակին: Բացման ֆիլմի` Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ստեղծագործության ցուցադրությանը նախորդեց փառատոնի հատուկ հուշամեդալների հանձնման արարողությունը ֆիլմի ստեղծագործական խմբից երկու կարևորագույն անձանց` ֆիլմի կոմպոզիտոր մաեստրո Տիգրան Մանսուրյանին և ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Հուշամդեալները հանձնելու համար բեմում էին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և լուսանկարիչ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Ֆիլմի դիտմանը հաջորդող բացման պաշտոնական արարողությանը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Արարողությունը ներկայացրեց Փարաջանովի թեմաներով գեղարվեստական ինստալիացիոն ծրագիր` իրականացված իտալացի արվեստագետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիեռոյի գեղարվեստական ղեկավարությամբ: Այնուհետ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը:

Բացման արարողությունը նշանավորվեց փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-Դուկին Փարաջանովյան թալեր մրցանակի հանձնմամբ, ինչին ի պատասխան հռչակավոր արվեստագետը ոչ միայն հանդես եկավ երախտիքի խոսքով, այլև արարողության բոլոր հյուրերին անակնկալ մատուցեց` կատարելով հատված կորեական ազգային երգից:

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքից 

Նախորդ հոդվածը‘Աղբյուրը բացահայտելու նախադեպով իշխանությունը փորձում է սահմանափակել մամուլի ազատությունը. ՄԱԱ’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե Ծիրան» 11-ի մրցութային ծրագիրը ‘