Հյուսիսային Կորեայի առաջնորդի զրահագնացքը այսօր առավոտյան արդեն ընթանում էր Ռուսաստանի տարածքով՝ դեպի Վլադիվոստոկ։
Այդ մասին հաղորդել է РИА Новости գործակալությունը։
Նախատեսվում է Կիմ Չեն Ինի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Թե երբ է դա տեղի ունենալու՝ չի հաղորդվում։
ԱՄՆ-ի կարծիքով՝ ԿԻմ Չեն Ինը և Պուտինը մտադիր են քննարկելու հյուսիսկորեական ռազմամթերքի մատակարարումների հարցը ռուսաստանյան բանակին, որը պատերազմում է Ուկրաինայում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կմասնակցի Կիմ Չեն Ինի և Պուտինի բանակցություններին։ ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի պաշտպանության նախարարների առանձին հանդիպում նախատեսված չէ, նշել է Պեսկովը։
Հուլիսի վերջին Շոյգուն այցելել էր Փհենյան։ Այն ժամանակ նա հայտարարել էր Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմական կապերի ամրապնդման մասին՝ Հյուսիսային Կորեան անվանելով Ռուսաստանի կարևոր գործընկերը։
Փոխանցում է BBC-ն։