‘Կիմ Չեն Ինը մեկ կիլոգրամ կոնֆետ է նվիրել յուրաքանչյուր երեխայի’

908

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանձնարարել է իր ծննդյան օրվա կապակցությամբ մինչև տասը տարեկան յուրաքանչյուր երեխայի նվիրել մեկ կիլոգրամ կոնֆետ՝ այդ կերպ շարունակելով իր նախորդներից ժառանգած ավանդույթը, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը: Ըստ հյուսիսկորեական կենտրոնական ռադիոյի հաղորդման՝ նվերները ժամանակին տեղ հասցնելու համար գործի է դրվել ավիացիան: Հեռավոր գյուղերում առաջնորդի նվերները հրճվանքի ալիք են բարձրացրել:

Առաջնորդի ծննդյան առթիվ երեխաներին քաղցրավենիք բաժանելու ավանդույթը 1980 թ. հիմնել է Կիմ Չեն Ինի պապը՝ Կիմ Իր Սենը, իսկ նրա մահվանից հետո այդ սովորույթը պահպանել է նրա որդին և ժառանգը՝ Կիմ Չեն Իրը:

Կիմ Չեն Ինի ծննդյան օրը նշվում է հունվարի 8-ին, սակայն նրա ծննդյան ստույգ  թվականը հայտնի չէ: Տարբեր աղբյուրներ նշում են 1982, 1983 կամ 1984 թվականները: Կիմ Չեն Ինը, որպես երկրի ղեկավար, իր երկրորդ ծննդյան տարեդարձն է նշում: 2011 թ. դեկտեմբերին՝ հոր մահից հետո, նա հայտարարվեց «մեծն ժառանգորդ»: Կիմ Չեն Ինի հոր և պապի ծննդյան օրերը ԿԺԴՀ-ում ազգային տոներ են հռչակված:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն կուսումնասիրի նախագահական ընտրությունների թեկնածուների փաստաթղթերը’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասը հրաժարվեց վերցնել ավագի թեւկապը. Տեսանյութ’