‘Կիմ Չեն Ինը որոշել է օգտվել Հիտլերի փորձից’

600

Հյուսիսային Կորեայի իշխանությունները զբաղված են գերմանական նացիոնալ-սոցիալիստների փորձի ուսումնասիրությամբ, հաղորդում է New Focus International լրատվական կայքը: Մասնավորապես՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինին շատ է հետաքրքրել այն փաստը, որ Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո Ադոլֆ Հիտլերի վարչակարգին հաջողվել է կարճ ժամանակում վերականգնել Գերմանիան: Հյուսիսկորեացի անանուն մի պաշտոնյա, որն աշխատում է Չինաստանի տարածքում, New Focus-ին պատմել է, որ հունվարին Կիմ Չեն Ինն իր ծննդյան օրվա առթիվ  պաշտպանության պետական կոմիտեի անդամներին նվիրել է Հիտլերի «Mein kampf » («Իմ պայքարը») գիրքը: Երրորդ ռայխի առաջնորդի այս ինքնակենսագրական աշխատությունն արգելված է Հյուսիսային Կորեայում, բայց փոքր տպաքանակով հրատարակվել է  ընթերցողների նեղ շրջանակի համար: Ենթադրվում է, որ Կիմ Չեն Ինին, մասնավորապես, ոգեշնչել են նացիոնալ-սոցիալիստների հաջողությունները սպորտի և մանկածնությունը խրախուսելու հարցերում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Որտեղ են հանգստանալու Արդարադատության նախարարն ու տեղակալները ‘
Հաջորդ հոդվածը‘Հեն ա, Շմայսն էլ վկա. Մանվել Գրիգորյանը` ԱԺ ամբիոնից. Տեսանյութ, թարմացված’