‘
Վիետնամի քաղաքացուհին, որը մեղադրվել է Մալայզիայում այնպիսի գործողությունների համար, որոնք հանգեցրել են ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի մահվանը, ազատ կարձակվի մայիսի 3-ին։
Այս լուրը ուրբաթ օրը հաստատել է 30-ամյա վիետնամուհու փաստաբանը, որի խոսքով՝ «Դոան Տհի Հիոնգը ազատ կարձակվի օրվա առաջին կեսին և երեկոյան արդեն կմեկնի հայրենիք»։
Մալայզիայի գերագույն դատարանը ապրիլի 1-ին միտումնավոր սպանության մեղադրանքի հոդվածը վերաորակել էր՝ առողջությանը վնաս հասցնելը, որը հանգեցրել է մահվան։ Արդյունքում՝ վիետնամուհին դատապարտվել էր երեք տարի չորս ամիս ազատազրկման։ Փաստաբանը պարզաբանել է, որ հաշվվում է նաև կնոջ՝ բանտում կալանքի տակ եղած ժամանակը։
Մարտ ամսին հենց դատարանի դահլիճից ազատ էր արձակվել նաև սպանության մյուս կասկածյալը՝ Ինդոնեզիայի 26-ամյա քաղաքացուհի Սիտի Այսիան։
Կիմ Չեն Նամը վախճանվել է 2017 թ․ փոտրվարի 13-ին Կուալա-Լամպուրի օդանավակայանից հիվանդանոց տանող ճանապարհին։ Ոստիկանության հաղորդումների համաձայն՝ նա գանգատվել է ուժեղ գլխապտույտից և պատմել, որ ինչ-որ մեկն իր երեսին անհայտ հեղուկ է շփել։
Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ մահը վրա է հասել արգելված նյարդակաթվածահարող VX նյութի ազդեցությամբ։
Փոխանցում է tass.ru-ն։
‘