‘
Մալայզիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել շարունակել Հյուսիսային Կորեայի ղեկավարի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով դատաքննությունը: Այդ գործով մեղադրվող վիետնամուհի Զոան Տհի Հիոնգին և ինդոնեզուհի Սիտի Աիսյեին սպառնում է առավելագույն պատժաչափ: Որպես կասկածյալներ՝ գործով անցնում են ԿԺԴՀ ևս չորս քաղաքացիներ, սակայն նրանք Մալայզիայից հեռացել են միջադեպի օրը:
Կանայք հերքում են իրենց մեղքը: Նրանք պնդում են, որ կարծել են, թե մասնակցում են հեռուստատեսային ռեալիթի-շոուի գաղտնի տեսանկարահանման: Բացի այդ՝ նրանք նաև պնդում են, որ չեն իմացել՝ ով է զոհը:
Կիմ Չեն Նամը, որն արդեն երկար տարիներ ապրում էր Չինաստանի Մակաո հատուկ վարչական շրջանում, մահացել էր Կուալա-Լամպուրի օդանավակայանում անցյալ տարվա փետրվարին: Մահվանից առաջ նա դիմել էր բժշկական օգնություն ստանալու և ասել էր, որ ինչ-որ մեկն իր երեսին անհայտ հեղուկ է լցրել:
Կիմ Չեն Նամը մահացել էր թունավորումից 15-20 րոպե անց: Մասնագետների եզրակացությամբ՝ տղամարդը ենթարկվել էր VX տեսակի նյարդակաթվածահարող նյութի ազդեցության, որը ՄԱԿ-ը համարում է զանգվածային ոչնչացման զենք:
Փոխանցում է euronews-ը:
‘