‘
Լիբիայի ազգային կոնգրեսն ընտրել է երկրի նոր վարչապետի: Վարչապետ է դարձել նախկին դիվանագետ և իրավապաշտպան Ալի Զեյդանը, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ռուսաստանի հինգ մարզերում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, բոլորում էլ հաղթել են իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածուները: Գործող նահանգապետերը, ովքեր մասնակցել են երկար դադարից հետո ՌԴ սուբյեկտների ղեկավարների ուղիղ ընտրություններին, բոլորն էլ պահպանել են իրենց պաշտոնները:
Ֆլամանդացի ազգայնականները տոնում են իրենց հաղթանակը Բելգիայի տեղական ընտրություններում: Նրանց խոշոր հաղթանակն Անտվերպենն է՝ երկրի երկրորդ տնտեսական կենտրոնը: Այստեղ «Ֆլամանդական նոր դաշինքը » (NVA) ստացել է ձայների 38 տոկոսը, և դաշինքի առաջնորդ Բարտ Վեվերը կզբաղեցնի քաղաքապետի պաշտոնը:
Լիտվայում խորհրդարանական ընտրություններում առաջատարը ընդդիմադիր կուսակցություններն են: Նախնական տվյալների համաձայն՝ առջևում է Աշխատանքի կուսակցությունը՝ ավելի քան 23 տոկոսով, երկրորդ տեղում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ գրեթե 20 տոկոս քվեներով: Նախորդ գումարման խորհրդարանում այս երկու կուսակցություններն էլ ընդդիմության կազմում էին: Իշխող դաշինքն ստացել է ընտրողների 12 տոկոսի քվեն:
Լիտվայում ընտրություններին զուգահեռ՝ անցկացվել է հանրաքվե՝ Իգնալինյան ԱԷԿ –ի փոխարեն (որի աշխատանքները դադարեցվել են 2009 թ.) Վիսագինասում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ կողմ է քվեարկել ընտրողների ընդամենը մեկ երրորդը:
‘