‘Կիրակնօրյա խմբագրական. Եկել է «վոչդոգերի» հայկական ժամանակը’

4726

Երեկվա տաքսիստն ասաց.

-Խառը ժամանակներ են, զգու՞մ ես` ինչ խփոցի-քցոցի ա գնում, սաղ թռած են ման գալիս, շունը տիրոջը չի ճանաչում: Էս լրատվամիջոցներն էլ բան չեն ասում, ով ինչ ուզում` գրում ա, չգիտես` ո´ր մեկին հավատաս:

Դժվար է չհամաձայնել: Իրոք, կրկին երկատվել է մեր Հայկական ժամանակը: Մի կողմից եկել ու չի գնում «իրերն իրենց անունով կոչելու», մյուս կողմից` իրար քցելու խառնակիչ ժամանակը, ուր «եկա-տեսա-հաղթեցի»-ն դարձել է «խփի-քցի- թռա»: Ճիշտ էր նկատել էդ մարդը. վարչապետը` «Հայկական աշխարհից» քցածը, թռցնում է դուզ «հարկային դրախտ», ոստիկանապետն իր անհավատ ենթականերին է քցում, որ հայտնվի օդերում, բայց երկրի գերագույն և գլխավոր քցողն, իհարկե, ավազակապետն է, նույն ինքը` ամենայն հայոց հայրացու ՔՔՔ ՍՍ-ն է (քաղաքական քցոցու քերթողահայր Սերժիկ Սարգսյանը): Կան թե´ քցված թռածներ, թե´ թռած քցողներ: Մի սյունյաց աղվես արծվապետ կար, դա էլ է թռած, մկան ծակ չի ճարում, մի հատ էլ ղարաբաղցի իժ կար, եթե հիշում եք, սողեսող քցեց-թռավ, ու հետքն անգամ չի երևում: Այ, էս տեսակ խառը ժամանակներում ենք ապրում, որտեղ շունն էլ տիրոջը չի ճանաչում, ու պետական քաղաքականությունը դառնում է տակից կամ չորով քցելու, մեկ էլ` ճիշտ պահին թռնելու արվեստ:

Պարզ է, iLur-ի ու «Հայլուրի» արանքում մնացած տաքսիստս շփոթված է: Մեդիան, ի վերջո, հանրության աչքերն ու ականջներն է, որոնց երբեմն ականջակալներ ու վարդագույն ակնոցներ են հագցնում` ինչպես «Հայլուրի» դեպքում, երբեմն էլ տեսողությունն ու լսողությունն ընտրողաբար են սրվում, որ առավել մոտիկից, խոշոր պլանով ցույց տրվի խնդիրն, ու լսելի դառնա նրանց ձայնը, որ ցածր է, հազիվ է դուրս գալիս կամ խլացվում է: iLur-ի ու «Հայլուրի» արանքում «օբյեկտիվ և պրոֆեսիոնալ է» հռչակվում միջին պլանով ցուցադրվածը, դիստանցիա պահող խոսքը, որտեղ չկան վերլուծություն ու քննադատություն, այլ կա «ասում են, թե սերը սուտը է» մակարդակի բամբասանք` թեկուզ բազմակողմանի ու բալանսավորված, մեկ է, վարորդիս սուր բնորոշմամբ` «խփոցի-քցոցի»:

Ուրեմն, կանգ առ ակնթարթ, դու վերլուծված չես, ու փորձենք բնորոշել մեր ժամանակը` գոնե երեկվա տաքսիստին պատասխանելու համար: Ինչ-որ իմաստով ժամանակները միշտ էլ խառն են, անգամ` լճացման տարիներին: Իհարկե, կարող ենք էս ժամանակաշրջանին մի անուն էլ մենք կպցնել, ինչպես 90-ականների սկիզբը ռոբոտագիտացիայի ջանքերով անվանվեց «մութ ու ցուրտի», մենք էլ ասենք` «թող ու փախիրի» կամ «հայոց մեծ քցոցու թվերը», 2013-ն էլ անվանեք «կարկուտի տոպկած տարի»: Բան չի փոխվի: Պետք է սովորենք պատմությունը նշանավորել հաղթանակներով ու ձեռքբերումներով, որոնք երբեմն էնքան աննշան են թվում, որ անգամ հասարակական ուշադրության կենտրոնում չեն հայտնվում: Տխուր է: Տաքսիստս էլ չի վստահում ոչ մի լրատվամիջոցի, բայց որ խորանում ես, պարզվում է՝ ինքն ընդհանրապես էլ ոչ մեկի չի վստահում: Տոտալ անվստահություն է հայտնում իշխանությանը, ընդդիմությանը, ընկերությանը, անգամ` ընտանիքին: Համոզված չէ, որ վաղը, մյուս շաբաթ, մի ամսից, մյուս տարի տաքսի է քշելու ու դրանով կարողանալու է իր տունը պահել, վախենում է, որ երեխեքն իրեն մի բաժակ ջուր չկարենան տալ օր ծերության, ուրեմն, մեր զրույցն էլ ընդմիջվում է խորը հոգոցով ու «ստուց թռնել ա պետք» թևավոր դարձած ֆրազով: Բա, ինչպե՞ս համոզեմ տաքսիստին, որ շունը տիրոջը լավ էլ ճանաչում է, ուղղակի տերերն են երբեմն փոխվում, ո՞նց հասկացնեմ, որ «ստուց թռնել» պետք չէ:

-Դու թռի, բայց ես մնում եմ: Ոչ մի տեղ էլ չեմ գնալու, ես աննահանջ ընդդիմություն եմ:

-Ես էլ եմ ընդդիմադիր: Մի բան ասեմ քեզ, էսքան տարի քշում եմ, բայց մի ուղևոր չի նստել, որ էս իշխանություններին ձայն տված լինի,- ասում է ու մեկնաբանում,- դրանց ձեն տվողները կամ ջիփ ունեն կամ էլ էն հինգ հազար վերցնող խեղճերն են, որ տաքսի մենակ ընտրությունների օրն են նստում, բայց մեր սերվիսում տենց բան չկար:

Ասում եմ՝ տես, ուրեմն հույս կա, մնա, բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն ենք անելու. ես, դու, մեկ էլ քո սերվիսի տերը: Խնդում է: Հարցնում է` էդ ո՞նց: Փորձում եմ բացատրել: Ինձ պես տաքսի նստողները շատ են, բայց արի ու տես, որ մենք բուրժուա չենք, բուրժուան քո սերվիսի տերն է, որ սեփականություն ունի ու աշխատողներ: Էդ սեփականությունը մի գեղեցիկ օր իր ձեռքից կարող են խլել, դրա համար սերվիսի տիրոջ մերն ասում է` բալես, դու էլ գնա դարձիր հանրապետական, գործի տեր ենք, շառից-փորձանքից հեռու: Էդպես քիչ-քիչ մեր գործ անող, մեկը երկու դարձնող, ստեղծող, աչքաբաց մարդն իրենից անկախ դառնում է ցեղակրոն, ու հեչ կապ չունի, որ չգիտի էլ, թե դա ինչ է, մենակ թեկուզ հենց զուտ իր տարիների արած-դրածը հարկային տեռորից պաշտպանելու համար: Ուրեմն, մեր տունը պահողը հենց էս մի բուռ սեփականատերերն են, որ դեռ մարդկանց վատից-լավից գործ են տալիս ու երկրում մնալու հնար ստեղծում: Հիմա Սերժն ամեն ինչ պիտի անի, որ էդ բուռը հանկարծ իր գլխին բամփող բռունցք չդառնա: Դրա համար էլ, երբ ասում էր «ապահով Հայաստան», դիմում էր ոչ թե շարքային քաղաքացուն, այլ իշմար էր տալիս քո սերվիսի տիրոջը, որ իր բիզնեսն ապահովված կլինի` հանրապետական տան կտուրի կամ որ նույնն է`իր բարձր հովանու ներքո: Բայց, քանի դեռ ընդդիմություն կա, սերվիսիդ տերը կարա իր մոր խորհրդին չհետևի, որովհետև ես երկրի ու քաղաքացու պահապան շունն եմ ու իրեն կպաշտպանեմ: Ես «վոչդոգ» եմ` պահակաշուն: Էդ վատ բառ չէ, քաղաքագիտության ու լրագրության մեջ ընդունված բան է, Լևոնից եմ լսել: Էդ շունը մի տեր ունի` պետության շահը, պիտի անընդհատ հետևի սրանց, վերլուծի սրանց արած ամեն մի քայլը, ու հենց տեսնի, որ պետության շահը վտանգված է՝ գրոհի: Քո սերվիսի տիրոջ խաթրին էլ չպիտի թողնի, որ կպնեն, որովհետև սեփականությունն ազատ տնտեսության հիմքն է:

-Յա´, դու Լևոնին հանդիպու՞մ ես: Այ նա խելոք մարդ ա, բայց դե չկարեցավ, էլի, սրանց հախից գա:

Հասանք: Պիտի իջնեմ: Ասում եմ՝ չկասկածես, մենք նահանջողը չենք, որ սրանց քշենք` նորմալ երկիր ենք դառնալու, դու «Հայլուր» մի նայի, iLur կարդա, կտեսնես, վաղը մեր խոսակցությունը գրելու եմ կիրակնօրյա խմբագրականի համար, կկարդաս, խոսք եմ տալիս` ոչ մի բառ չեմ փոխի, որ էլ չասես` ով ինչ ուզում` գրում ա:

-Բայց սերվիսի անունը չգրես, մեկ էլ տեսար… Էն բառը ո՞նց էր:

-«Վոչ-դոգ», պահակաշուն էլի, գելխեղդի պես, հայկական գամփռ, Հայաստանի Հանրապետության պահապան շները: Որ հարցնեն, տենց էլ կասես՝ եկել է «վոչդոգերի» հայկական ժամանակը:

Նախորդ հոդվածը‘Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է կարկուտ’