‘Կիևի «Եվրամայդանից» ոչ հեռու մարդ է մահացել’

585

Կիևի Անկախության հրապարակից ոչ հեռու գտնվող «Ուկրաինա» հյուրանոցի մոտ մարդ է մահացել, այսօր հաղորդել է ուկրաինական 5-րդ ալիքը: Մայրաքաղաքի գլխավոր հրապարակում՝ բողոքի ակցիայի մասնակիցների վրանային ավանում հերթապահողներին անհայտ անձինք տեղեկացրել են, որ քիչ այն կողմ մի մարդ է ընկած գետնին, որն իրեն լավ չի զգում: Մինչ հերթապահները, շտապօգնություն կանչելուց հետո՝ վազել են նրա մոտ, տեղ հասած բժիշկներն արձանագրել են 50-55 տարեկան տղամարդու մահը:

Interfax.ru-ն տեղեկացնում է, որ ականատեսների վկայությամբ՝ այնտեղ, որտեղ ընկած է եղել տղամարդը, արյան հետքեր են եղել, և հավանաբար՝ նա գանգուղեղային վնասվածք է ունեցել: Ականատեսներից մեկը նաև նշել է, որ դեպքի վայրից քիչ հեռու ինչ-որ անծանոթ ավտոմեքենա է կայանած եղել, որն սկսել է շարժվել՝ հենց որ ցուցարարները վազել են գետնին պառկած մարդու մոտ:

Մինչդեռ,  ria.ru-ի տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները տղամարդու մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել: Շտապօգնության աշխատակիցներից մեկը РИА Новости-ի թղթակցին հայտնել է, որ նախնական տվյալներով՝ տղամարդը մահացել է սրտի անբավարարությունից:

 

Նախորդ հոդվածը‘Անօրինական ծառահատումների շղթայի օղակները դեպի վերև են տանում’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԳԴՀ դեսպանի հետ’