‘Կիևի կենտրոնում ցրում են Մայդանը’

948

Այս գիշեր Ուկրաինայի մի քանի հազար հատուկ ջոկատայիններ և ներքին զորքերի զինվորներ կարողացել են ճեղքել բարիկադները Կիևի կենտրոնական Ինստիտուտսկայա փողոցում և ներխուժել ընդդիմության վրանային ավան: Ականատեսները հաղորդում են պարբերաբար տեղի ունեցող ընդհարումների մասին միլիցիայի աշխատակիցների և ցուցարարների միջև: Տեղեկություններ են տրվում տարբեր վնասվածք ստացած մարդկանց մասին, սակայն վիրավորների ստույգ թիվ չի հաղորդվում: «Պատի դեմ՝ պատ», այսպես է «Բերկուտը» փորձում մուտք գործել Մայդան»,- դեպքի վայրից հաղորդել է BBC-ի թղթակից Օլգա Իվշինան:

Ըստ BBC-ի թղթակցի՝ Կիևի մետրոյի «Կրեշչատիկ» և «Անկախության Մայդան»  կայարաններն այսօր առավոտյան փակ են «զանգվածային միջոցառումներ անցկացնելու կապակցությամբ», ինչպես հաղորդել են մետրոպոլիտենի մամլո ծառայությունից:

ԵՄ-ում նախագահող Լիտվան ուկրաինական իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել ցանկացած բռնություն և քայլեր ձեռնարկել փոխվստահության հասնելու ուղղությամբ:

Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Շևչենկոյի կարծիքով՝ «Սա շատ տարօրինակ գրոհ է: Ինչ-որ հրհրոցային պաշարում է: Արդեն յոթ ժամ է՝ գրոհում են»: Վիտալի Կլիչկոյի կարծիքով՝ «Սա ամենահիմար քայլն էր, որ կարող էին անել իշխանությունները»:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի արձագանքը բավական կոշտ է. «ԱՄՆ-ն իր արգահատանքն է արտահայտում  Մայդանում խաղաղ ցուցարարների դեմ սպեցնազ հանելու, արցունքաբեր գազ և մահակներ կիրառելու՝ ուկրաինական իշխանությունների որոշման հանդեպ, փոխանակ հարգանք դրսևորելու ժողովրդավարական իրավունքների և մարդու արժանապատվության նկատմամբ: Նման պատասխանն անընդունելի է և սազական չէ ժողովրդավարությանը»:

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Անկախության Մայդանում միլիցիայի աշխատակիցները և ներքին զորքերի զինվորները ցուցարարների նկատմամբ չեն կիրառել արցունքաբեր գազ:

ԵՄ արտաքին գործերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը, որ Կիևում է գտնվում, հայտարարել է, թե ինքը «տխրությամբ է հետևում, թե ինչպես է ուկրաինական միլիցիան ուժ կիրառում ցուցարարներին Կիևի կենտրոնական հրապարակից դուրս մղելու համար»: Երեքշաբթի օրը Էշթոնը երեքուկես ժամ զրուցել է Վիկտոր Յանուկովիչի հետ: «Իշխանությունների երկխոսությունը տարբեր քաղաքական ուժերի ու հասարակության հետ, ինչի նպատակով փաստարկներ են ներկայացվում, միշտ ավելի լավ է, քան ուժի փաստարկը»,- ասել է Էշթոնը:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը «ստուգումների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկ է պատրաստում’