‘Կիևում երկրորդ գիշերն անընդմեջ չեն դադարում բախումները’

1054

Կիևում շարունակվում են բախումները հակակառավարական ցույցի մասնակիցների և միլիցիայի աշխատակիցների միջև:

«Մարտերի» նոր փուլի սկիզբը նշանավորվել է մետաղական կառույցի՝ «կատապուլտի» փլուզումը, որը  կառուցել էին ընդդիմադիր ջոկատները: Գրուշևսկու փողոցում իրավապահները գրոհել են այդ կառույցի վրա, տապալել այն, ապա, ընդդիմադիր ակտիվիստների խոսքերով, կրկին նահանջել են:

Փողոցային մարտերը Կիևում վերսկսվել են կիրակի օրվանից՝ նոր դիմակայության ալիք բարձրացնելով ուկրաինական իշխանությունների և ծայրաստիճան բազմազան ընդդիմության  միջև:

Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ բախումների հետևանքով երկու կողմից վիրավորվել է ավելի քան 200 մարդ, 100-ից ավելին տեղափոխվել են հիվանդանոց:

Ընդդիմությունը մարդկանց կանչում է մայդան և մոբիլիզացիոն կետեր է պատրաստում ինքնապաշտպանության ջոկատների համար:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որ պատրաստակամություն էր հայտնել երկխոսության նստել ընդդիմության հետ, դիմել է ուկրաինացի ժողովրդին՝ խնդրելով «չգնալ նրանց ետևից, ովքեր բռնության կոչ են անում, ովքեր ուզում են  սեպ խրել պետության և հասարակության միջև և ուկրաինացի ժողովրդին ներքաշել զանգվածային անկարգությունների մեջ»:

Իսկ ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն երկուշաբթի օրը հրաման է արձակել, որի համաձայն՝ «Բերկուտի» մարտիկներին թույլատրվում է ցուցարարների դեմ կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Անադոլու» գործակալությունը մտադիր է Հայաստանում գրասենյակ բացել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական գնդակից զոհված սերժանտին կհուղարկավորեն Եռաբլուրում’