‘Կլաուս Յոհանիսը Ռումինիայի նոր նախագահն է’

796

Աջակենտրոն Կլաուս Յոհանիսը պատրաստվում է զբաղեցնել Ռումինիայի նախագահի պաշտոնը՝ այն բանից հետո, երբ վարչապետ Վիկտոր Պոնտան ընտրությունների երկրորդ փուլից հետո ընդունել է իր պարտությունը: «Ես զանգահարեցի պարոն Յոհանիսին և շնորհավորեցի նրան»,- լրագրողներին հայտնել է սոցիալ-դեմոկրատ Պոնտան:

Էքզիթ-փոլի արդյունքները միարժեք պատասխան չէին տալիս այն հարցին, թե ով է հաղթել՝ առավելություն տալով մերթ մեկին, մերթ մյուսին: Դրա հետ մեկտեղ՝ հարցումների մեծ մասում հիմնականում առջևում էր Պոնտան, որը նաև հաղթել էր առաջին փուլում:

55-ամյա Յոհանիսը տրանսիլվանյան Սիբիու քաղաքի քաղաքապետն է, էթնիկ գերմանացի: Նա ընտրողներին խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ և ամրացնել դատական համակարգի անկախությունը:

BBC-ի թղթակիցները նշում են, որ ընտրությունների արդյունքների համար կարող էին որոշիչ լինել ռումինական մեծ սփյուռքի ձայները: Ռումինիայի ավելի քան 4 մլն քաղաքացիներ, որոնք ապրում են արտասահմանում, դժգոհ էին վարչապետից:

«Մեր երկիրը ժողովրդավարական երկիր է,- ընտրություններից հետո հայտարարել է Վիկտոր Պոնտան:- Ժողովուրդը միշտ իրավացի է»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. «Տղայականության» կործանարար հետևանքները’