‘Կլիմայի վերաբերյալ փարիզյան պայմանագիրը. Թրամփն այսօր որոշում կկայացնի’

1088

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի՝ մնո՞ւմ է Միացյալ Նահանգները Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի Փարիզյան պայմանագրում, թե՞ ոչ: Այդ մասին Թրամփը նախօրեին գրել է Twitter-յան իր էջում և կոչ է արել Ամերիկան կրկին հզոր դարձնել:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով վարչակազմում իրենց աղբյուրին՝ տեղեկացրել են, թե նախագահն, իբր, արդեն որոշում է կայացրել երկիրը դուրս բերել այդ միջազգային համաձայնագրից:

Դոնալդ Թրամփը գլոբալ տաքացումը համարում է չինացիների հորինածը: Դեռ մարտ ամսի վերջին նա հրամանագիր է ստորագրել չեղարկել իր նախորդի՝ Բարաք Օբամայի կողմից ընդունված՝ Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցառումները:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հիշեցրել է Թրամփին, որ ԱՄՆ-ը չի կարող «հենց այնպես դուրս գալ պայմանագրից»: Իսկ ամերիկյան Tesla և Spacex ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը տեղեկացրել է, որ չի աշխատի Սպիտակ տանը՝ որպես խորհրդական, եթե Թրամփը պայմանագրից դուրս գալու որոշում կայացնի:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Գեղարքունիքում սոցիալական բունտ է հասունանում. Կառավարությունն արգելում է խեցգետնի արտահանումը ‘
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Երեխան’