Կլիչկոն հայտարարել է, որ նախագահի գրասենյակն իր հետ չի շփվում

139

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ինքն անձնական հակասություններ չունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն նրա գրասենյակը բացարձակապես չի շփվում իր հետ։

Ավելի վաղ  «РБК-Украина» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Զելենսկու գրասենյակում ուզում են Կլիչկոյին ազատել Կիևի պետական քաղաքային վարչության ղեկավարի պաշտոնից, որը նա համատեղում է քաղաքապետի պաշտոնի հետ։

«Ես Զելենսկու հետ անձնական կոնֆլիկտ չունեմ։ Անձնական կոնֆլիկտ ունենալու համար պետք է դրա հիմքերն ունենալ։ Ես հատվող կետեր չեմ տեսնում։ Միակ հատման կետն այն է, որ ես համաձայն չեմ «95 թաղամասի» բոլոր կատակներին, որոնք վերաբերում են Կլիչկոյին, ավելի ճիշտ՝ դրանք կատակ համարել չի էլ կարելի։ 2015 թվականից նրանք պարբերաբար փորձում են Կլիչկոյին ներկայացնել որպես կարճ խելքի տեր մարդ․․․ Բայց ես անձամբ ոչ մի հակասություն չունեմ, նրանց բոլոր «կատակները» հանգիստ եմ ընդունում, նույնիսկ երբ դրանք հումորի մակարդակից էլ ցածր են», — ասել է Կլիչկոն լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Կլիչկոյի խոսքով՝ իր համար մեծ անակնկալ է եղել, երբ նախագահն ասել է, թե քաղաքապետն ամեն օր ծեծում է Զելենսկու գրասենյակի դուռը, համարյա ապրում է այդ գրասենյակում, հանդիպում է խնդրում։

«Ես իսկապես զանգահարել եմ։ Չէ՞ որ հաղորդակցություն է անհրաժեշտ, մենք հսկայական թվով հարցեր ունենք, որոնք վերաբերում են Կիև քաղաքի կենսագործունեությանը։ Չմոռանանք, որ դա մայրաքաղաքն է, երկրի ամեենաառանցքային շրջաններից մեկը։ Կան հարցեր, որոնք համատեղ լուծում են պահանջում»,- ասել է Կլիչկոն։

Քաղաքապետի կարծիքով՝ Կիևի պետական քաղաքային վարչությունում կատարվող բոլոր խուզարկությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուշկովը կանխատեսում է Սաակաշվիլիի ճակատագիրը
Հաջորդ հոդվածըՍաակաշվիլին նամակ է ուղարկել կալանավայրից