‘Կլիչկոն պայման է դրել Յանուկովիչի հետ հեռուստաբանավեճին մասնակցելու համար’

1509

Ուկրաինայի ընդդիմադիր УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռուստաբանավեճին մասնակցելու համար պայման է դրել վերջինիս հրաժարականը: Այդ մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում փետրվարի 11-ին:

Կլիչկոյի խոսքով՝ ինքը պատրաստ է բանավիճել Յանուկովիչի հետ, բայց «ոչ Մայդանում, իհարկե, քանի որ այնտեղ «բարձր վարձատրվող էքստրեմիստներ» են, այլ հեռուստատեսությունում»: Սակայն, նախ, Յանուկովիչը պետք է խոստովանի, որ պատասխանատու է Ուկրաինայում տնտեսական և քաղաքական ճգնաժամի համար և հրաժարական տա: «Եւ նախագահական քարոզարշավի շրջանակներում ես պատրաստ եմ ցանկացած պահի հանդիպել և բանավիճել Յանուկովիչի հետ»,- գրել է Կլիչկոն:

Փետրվարի 11-ին Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ պատրաստ է համաձայնել Վիտալի Կլիչկոյի՝ համատեղ դեբատներ անցկացնելու առաջարկին: Յանուկովիչը նշել էր, թե «այդ դեբատները լայն հանրությանը, այլ ոչ թե միայն Անկախության մայդանի լսարանին մատչելի դարձնելու համար առաջարկվում է այն անցկացնել հանրային հեռուստաալիքներից մեկում»:

Փետրվարի 9-ին Վիտալի Կլիչկոն հերթական «ժողովրդական վեչեում» Յանուկովիչին հրավիրել էր գալ Մայդան և մասնակցել դեբատների՝ իր և ժողովրդի հետ: Կլիչկոն հայտարարել էր, թե իր կարծիքով՝ հենց Յանուկովիչն է պատասխանատու Ուկրաինայում ճգնաժամի համար, և շեշտել էր, որ պետության ղեկավարը պետք է իմանա, թե իր քաղաքացիներն ինչ են մտածում իր մասին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀԾԿՀ-ն հավանություն է տվել Ռուսհիդրոյի ավելի քան $50 մլն ներդրումային ծրագրին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստները ազատ արձակվեցին ոստիկանական բաժանմունքից’