Կլոունը Ամերիկայում էլ է կլոուն․ ՉԻ

2127

ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրել է. «ՀԱՊԿ-ն փլվում է, Նիկոլ, շուտ արա, դուրս արի, թե չէ ԼՏՊ-ի օրին ես հայտնվելու, ով Սովետից դուրս եկավ այն ժամանակ, երբ մենակ ինքն էր այնտեղ մնացել»:

«ՉԻ». Բա ժողովուրդ ջան, արդեն Հայաստանի անկախացման պատմությունն են ծաղրում: Ծաղրում են Հայաստանից փախածները: Հայաստանի անկախությունը ծաղրում ու դրա նշանակությունը նսեմացնում էին խորհրդային նոմենկլատուրային մտավորականությունը, դաշնակները, սովետի կարոտախտով տառապող կոմսոմոլային կարիերիստները, ու, ինչպես տեսնում եք, նաև կլոունները:

Ծաղրում են մի գործընթաց, որն իրավական և քաղաքական առումով իրեն հավասարը չուներ 1991 թվականին: 

Էս մարդիկ արդեն ուրանում են այն իրողությունը, որ Հայաստանի իշխանությունները անկախություն հռչակելու գործընթացում առաջնորդվել են բացառապես ԽՍՀՄ սահմանադրությամբ, անկախության հանրաքվեն իրականացրել են ԽՍՀՄ օրենքների տառին ու ոգուն համապատասխան: Ուրանում են այն հանգամանքը, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվե անցկացնելու որոշումը կայացվել է այդ օրից ամիսներ առաջ, երբ ԽՍՀՄ-ը դեռ գոյություն ուներ, և այդ ժամկետից շուտ անկախություն հռչակելու որոշումը կլիներ հենց իշխանությունների կողմից ընդունված որոշումների խախտում, էլ չասած՝ ԽՍՀՄ-ում գործող օրենքների խախտում: Թեկուզ արդեն թղթի վրա գործող, բայց դե յուրե դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ օրենքների: 

Ու կյանքը ցույց է տվել անկախություն հռչակելու այդ գործընթացի բացարձակ առավելությունը ԽՍՀՄ մյուս երկրների հռչակած անկախության գործընթացների հանդեպ, որոնք այսօր Ռուսաստանը կարող է վիճարկել, շահարկել և դրանից բխող քայլեր ձեռնարկել: Մեր դեպքում չի կարող, քանի որ ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել, ոչ թե տուրք ենք տվել անկախություն հռչակելու զուտ քաղաքական շքերթին: 

Ու սրանք տարիներ շարունակ եղել են վերլուծական դաշտի քյանդրբազները: Մեր անկախությունը կասկածի տակ դնելով՝ էսօր իրենց հանգիստն են վայելում լոսերում: Թու՜:

Չորրորդ Իշխանություն

iLur-ի կողմից— Հարկ ենք համարում խորհուրդ տալ այս տխրահռչակ ամերիկապաշտ անձնավորությանը ուշադիր ընթերցել իր շոշափած թեմայի վերաբերյալ ամերիկացի հանրահայտ լրագրող, «Նյու Յորք Թայմզ» թերթի ամենահեղինակավոր թղթակիցներից մեկի՝ Ֆրենսիս Քլայնզի հոդվածը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՄՏՈՐԵՆ Է ՆԱՎԱՐԿՈՒՄ

Լեւոն Տեր-Պետրոսյանի հայկական հակահեղափոխությունը հանդարտ է ու մեղմ.– ողորմածորեն եւ ռազմագիտորեն հանդարտ, ինչը առավել պատճառ է, որ նախագահ Գորբաչովն ու ամբողջ աշխարհը ուշադիր հետեւեն նրան։

Մինչ խորհրդային պետության մեջ քաղաքական փոթորիկից եւ չարագուշակ սպառնալիքից գրեթե ամեն ինչ ցնցվում է, Հայաստանի հանրապետության նախագահ Տեր-Պետրոսյանը մի այլ ճանապարհ է հարթում դեպի նույն այն անկախությունը, որին շատ ավելի հռչակված հանրապետություններ, ինչպես Լիտվան եւ Վրաստանը, փորձում են տիրանալ թերթերին ճչան խորագիրներ մատակարարող առճակատումներով։

Նախագահ Տեր-Պետրոսյանը 46 տարեկան է, արեւելագետ։ Գորբաչովի կառավարության կողմից նա ժամանակավորապես բանտարկվել եւ, վերջերս, փոխանակ անարգանք թափելու Կրեմլի վրա, նրբամտորեն դասեր էր տալիս նրան։

Նա վճռական դեր խաղաց, երբ կամովին ստանձնեց կուլիսների ետեւից միջնորդել՝ հանդարտեցնելու Լիտվայում հունվարին ծագած ճգնաժամը, որ հետեւանք էր խորհրդային զինվորների կրակոցներից ընկած, անկախության ցույցերին մասնակցած 16 քաղաքացիների սպանության։

Տեր-Պետրոսյանը փոխանակ սիրաշահելու եւ պոպուլիստական ժամանակավոր շահերի հետեւից ընկնելու, կարողացավ զինաթափել հանրապետության գերոգեւորված ազգայնական զինյալ խմբակներին, խուսափելով կարգուկանոնի եւ օրինախախտման հետագա գլխացավանքներից։

Անցյալ ամիս, առանց ցնցող հայտարարությունների, նա մերժեց Գորբաչովի ձեռնարկած միութենական անորոշ հանրաքվեն, այն համարելով բացահայտ քարոզչական արարք, ոչ թե ինքնորոշման ուղղությամբ ձեռնարկված քայլ։ Ավելին, նա հակաքայլ կատարեց՝ որոշելով առաջիկա սեպտեմբերին Հայաստանում կայացնել անկախության հանրաքվե։

Այդ հանրաքվեն կարծես քաղաքական արվեստի փոքրիկ գլուխգործոց լինի. այն առաջինն է, որ անցկացվելու է խորհրդային սահմանադրության պահանջներին համաձայն, վեց ամիս առաջ այդ մասին նախազգուշացնելով Կրեմլին։ Հետեւաբար, օրենքների դիկտատի մեջ հմտացած Կրեմլի ստրատեգների համար շատ ավելի դժվար է այն հաշվի չառնել։

Տեր-Պետրոսյանի հանրաքվեն ունի նաեւ մի պարզ առաջադրանք. ի տարբերություն այլ հանրապետությունների, Հայաստանին տարիներ են պետք ամբողջովին անջատվելու համար, այդ ընթացքում կարելի է ստեղծել ազատ շուկայի տնտեսական հիմքերը, որոնք Տեր-Պետրոսյանը համարում է կենսական անկախորեն գոյատեւելու համար։

«Գորբաչովին մարզել են մեր մրցակիցները»,– ասում է պարոն Տեր-Պետրոսյանը, նրան համարելով տանուլ տված, վտանգավոր եզրափակիչ փուլի առաջնորդը, որին, նրա՛ իսկ սիրույն, պետք է ուշքի բերեն գորբոմանիայով տառապող արեւմտյան կառավարությունները։

«Ներկայումս արեւմտյան օժանդակությունը ուժեղացնում է կենտրոնական կառավարության պահպանողականներին», ասում է նա, նախազգուշացնելով, թե ժամանակն է, որ Արեւմուտքն ընդունի այս իրողությունը, ինչին Գորբաչովը նպաստեց եւ ինչին այժմ նա հակառակվում է։ «Խորհրդային Միության գաղափարն իսկ այժմ անընդունելի է ամեն ձեւի տակ, բացի եւրոպական համագործակցության նման ընկերակցությունից»։

Հայ ղեկավարը նոր ժամանակաշրջանի խորհրդային այն քաղաքագետներից է, որ կարող է ժպտալ՝ ընդունելով, որ Գորբաչովը, համայնավարության հոգնած վագրին հեծած կարող է դեռեւս ձգտել ամբողջատիրության վերադարձին։

«Սակայն դա չի հաջողի», ասում է Լ. Տեր-Պետրոսյանը՝ շուռումուռ տալով ձեռքի սիգարակալը, կարծես ապագայի վրա սեւեռելով այն։ «Վաղ թե ուշ Գորբաչովն ու կենտրոնական կառավարությունը ընդունելու են նոր իրականությունը. այն, որ հանրապետություններն արդեն իրագործում են իրական իշխանությունը եւ սկսում են հարցերը լուծելու քաղաքական անարյուն միջոցներ գտնել»։

Այստեղ, այս փոշոտ եւ ոտնակոխ եղած մայրաքաղաքի փողոցներում նախագահ Տեր-Պետրոսյանի նոր եւ թարմ քաղաքականության հաջողությունն անառարկելի է. այն համախմբում է հարավային այս հանրապետության ժողովրդին։

1988թ. երկրաշարժի եւ հակառակորդ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պայթած ազգամիջյան վայրագության հետեւանքով հարյուր հազարավոր գաղթականներ են հայտնվել երկրում։ Տեր-Պետրոսյանն ընդունում է, որ իր ծրագրում կան այնպիսի դժվարին հարցեր, ինչպիսին է պաշարված, Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող հայաբնակ Ղարաբաղը։ Սակայն նա հավաստում է, թե իրեն կամաց-կամաց հաջողվել է նոր, հանգիստ հարաբերություններ հաստատել ադրբեջանցի պաշտոնյաների հետ։

Հայաստանում Տեր-Պետրոսյանի գլխավոր քննադատը համակրելի այլախոհ Պարույր Հայրիկյանն է։ Սա ամերիկյան աքսորից վերադարձավ, երբ արդեն Լ. Տեր-Պետրոսյանը հասել էր քաղաքական հաջողության։ Հայրիկյանը քննադատում է նախագահին, թե նա բավարար չափով չի հակադրվում Մոսկվային։

«Այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը կտեսնի մեր հետապնդած քաղաքականության իրապաշտությունը, նա մեր կողքին կմնա», ասում է Տեր-Պետրոսյանը։

Նրանց միջեւ ծագած վերջին հարցը կապված էր Հայրիկյանի կողմից Երեւանում համայնավար կուսակցությանը պատկանող շենքի գրավման հետ, որը նա համարում է իր երկար տարիների բանտարկության արդար հատուցում։ Նախագահ Տեր-Պետրոսյանը միլիցիա ուղարկեց նրան այդ շենքից վտարելու, իր քայլը հիմնավորելով այն տրամաբանությամբ, որ եթե Հայաստանն ուզում է անկախության իր ձգտումը առավել լրջությամբ դիտվի ուրիշների կողմից, պիտի ցույց տա օրինականությունը հարգելու հավելյալ ապացույցներ։

Խիստ եռանդուն եւ ըմբոստ խորհրդարանում նախագահը դեմ գնաց հայկական ավանդական քաղաքականությանը Թուրքիայի հարցում, որը համաշխարհային առաջին պատերազմի ընթացքում վայրագորեն տեղահան էր արել բազմահազար հայերի. սրանց մեծ մասը մահացել են քաղցից եւ ջարդերից։ Նա պնդում էր, որ անկախության հռչակագրից հանվի այդ ողբերգության կրքոտ դատապարտումը, նկատի առնելով, որ իսկապես ազատ Հայաստանը կարիք պիտի ունենա իր հարեւանների հետ ավելի սերտ հարաբերությունների նոր շրջան սկսելու։

Թեեւ նրան չհաջողվեց հռչակագրից հանել այդ կետը, սակայն ժողովրդի աչքում չտուժեց, մնալով այն մարդը, որ հետամուտ է նոր ուղիներ որոնելու՝ ապագան դիմագրավելու համար։ Հայ ղեկավարի ոճն է նախ դիմագրավել, ապա մերժել Գորբաչովի նախաձեռնությունները, սակայն սովորություն չդարձնել դրանց մասին հայտարարություն անելը։ «Մենք չենք ենթարկվում խորհրդային օրենքին», պարզապես, ասում է նա։

Սակայն նա վարպետ է նաեւ Կրեմլի հետ փոխզիջումների գնալիս։ Օրինակ, մինչ Լիտվան սրեց խորհրդային բանակում ծառայության հարցը՝ հրահանգելով իր զինակոչիկներին չծառայել այնտեղ, այդպիսով նրանց վերածելով պատանդների, որոնք ի վերջո ձերբակալվեցին ու դատի տրվեցին, Տեր-Պետրոսյանը աստիճանաբար գործնական փոխզիջողության հասավ ուղղակի զինվորական պաշտոնատարների հետ։ Այդ համաձայնությունը թույլ է տալիս, որ հայ երիտասարդների մեծ մասն իր ծառայությունը անցկացնի հանրապետությունում, միաժամանակ ապահովելով, որ ցանկացողներն այլ վայրերում ծառայեն։

«Մենք լիտվացիների նման չարեցինք,– ասում է նա։ –Մենք փորձում ենք խուսափել ոչ-անհրաժեշտ առճակատումներից։ Մեր քաղաքականությունը ավելի ճկուն է։ Միակ դասը, որ կարելի է քաղել Լիտվայի դեպքերից այն է, որ քաղաքականությունը պետք է ավելի ճկուն լինի», շարունակում է նա, ակնարկելով այդ հանրապետությունում որպես պրեզիդենտական հանձնախմբի անդամ իր կատարած միջնորդի դերը։

Բնութագրական է, որ Տեր-Պետրոսյանն այդ հանձնախմբի անդամ էր նշանակվել անձամբ կապ հաստատելով Լիտվայի ու Կրեմլի պաշտոնատարների հետ, սակայն դա վերջում կարող է դիտվել որպես Գորբաչովի խաղաղարար մտահղացում։

«Գորբաչովի հետ տեսնվելուց հետո զգացի, որ վատթարագույնը ետեւում է մնացել», ասում է նա։ Ապա եզրակացնում, թե Գորբաչովը որոշել էր թույլ տալ, որ կոշտ ցենտրիստները հարվածեն Լիտվային, այնուհետեւ սակայն բավարար խելամտություն էր հանդես բերել նահանջ կատարելու։ Լ. Տեր-Պետրոսյանը ենթադրում է, որ առաջիկա աշնանը Գորբաչովն ինքը պիտի սկսի առավել իրատեսորեն ընդունել հանրապետությունների իշխանության դե ֆակտո աճը, եւ դերերը պիտի փոխվեն. հանրապետությունները պիտի սկսեն մտահոգվել կենտրոնական կառավարության կայունությամբ։

«Մենք տեսնում ենք, որ Խ. Միությունը այլեւս հուսալի երաշխիք չէ մեր ապագայի համար,– ասում է նա։ Այդ իսկ պատճառով պետք է սեփական երաշխիքներ ստեղծենք մեր գոյության համար»։

__________________________

Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. հայերեն թարգմանությունը տե՛ս «Ազգ» օրաթերթ, 20.04.1991թ.։

Նախորդ հոդվածըԿադիրով․ Չեչնիայի ռազմիկները պատրաստ են վերահսկել երթևեկությունը Ղրիմի կամրջի վրա
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Ռեալն» ու ՊՍԺ-ն չհաղթեցին, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)