‘ԿԽՄԿ Բաքվի գրասենյակ. Հայ ռազմագերուն կհանդիպենք, երբ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվեն’

776

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին տեսակցելու համար սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությանը: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցու հայտարարել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլլահա Հուսեյնովան:

 «Մենք սպասում ենք, որ երկու երկրների ղեկավար մարմինները այս հարցի շուրջ հարաբերությունները կարգավորեն, դեռևս երկու երկրների երկխոսությունը շարունակվում է»,-ասել է նա:

Նա նշել է նաեւ, որ եթե Բաքվի իշխանությունների կողմից լինի համապատասխան նախաձեռնություն, ապա Ադրբեջանի ԿԽՄԿ-ն կմիջնորդի, որպեսզի ռազմագրին կարողանա կապ հաստատել իր ընտանիքի հետ:

Հուսեյնովան տեղեկացրել է նաեւ, որ ԿԽՄԿ-ն հետեւում է ռազմագերու պահման պայմաններին եւ միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումներին, սակայն իրավասու չէ հրապարակայնացնել իր դիտարկումների արդյունքները:

«ԿԽՄԿ-ն հանդիպումներ է ունենում երկու երկրների ղեկավարների հետ, ինչ վերաբերում է խախտումներին, ապա եթե դրանք լինեն, մենք կքննարկենք այն երկու կողմերի ներկայացուցիչների հետ, բայց դա չենք կարող հրապարակել` ելնելով ԿԽՄԿ-ի խորհրդապահական գործունեության բնույթից: Ամեն դեպքում, մենք կհորդորենք կողմերին շարժվել օրենքների սահմանում», — ասել է ադրբեջանական Կարմիր խաչի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ միջադեպը Ինջիղուլյանի համար իրավական հետեւանքներ չի ունենա: 

 

Նախորդ հոդվածը‘2013թ. առաջին եռամսյակում 1335 հայաստանցիներ ապաստան են խնդրել Եվրոպայում’
Հաջորդ հոդվածը‘Human Rights Watch-ը դատապարտում է ՌԴ իշխանությունների վերաբերմունքը միգրանտների նկատմամբ’